Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը օրենքի խախտումներով գործող կառույց է». Արգիշտի Կիվիրյան

Փետրվար 07,2014 22:01

ՀՀ վարչական դատարանում այսօր Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Հայցվոր կողմը՝ Ոստիկանության ներկայացուցիչները,  անհիմն համարեցին ինքնաբացարկի միջնորդությունը եւ առարկեցին: Դատարանը որոշեց այդ միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակել փետրվարի 10-ին:

Դատական կարճատեւ նիստից հետո պարոն Կիվիրյանը բացատրեց ինքնաբացարկի միջնորդության նպատակը.  «Այդ միջնորդությունը ներկայացվեց, որովհետեւ մենք գտնում ենք, որ դատարանն անաչառ չէ և ցուցաբերում է կանխակալ մոտեցում այս գործի նկատմամբ: Այն, որ դատարանը բավարարեց հայցվոր կողմի՝ Ոստիկանության միջնորդությունը,  արգելել լրագրողների տեսանկարահանումը ՝հիմնավորելով, թե  Ոստիկանությունը դրանից կկաշկանդվի  եւ մերժեց մեր փաստարկները, որ երբ չի իրականացվում տեսանկարահանում, այդ ժամանակ մենք կկաշկանդվենք, դրանով խախտեց հավասարության սկզբունքը: Հենց դա վկայում է, որ դատարանն այս գործով ցուցաբերում է կանխակալ վերաբերմունք»:

Նրա խոսքով, ոստիկանության ներկայացուցիչները որեւէ լուրջ հիմնավորում չեն ներկայացնում. «Թե’ իրենց հայցադիմումն է թերի կազմված, թե բոլոր փաստարկները, դրանք չեն բխում օրենքի պահանջներից: Մեր հիմնավոր միջնորդություններն էլ հայտարարությամբ անհիմն են համարում…Դատարանն ուներ ունիկալ հնարավորություն՝ ցույց տալու, որ ինքը դատարան է, այլ ոչ թե ոստիկանության կցորդ»:

Պարոն Կիվիրյանը նկատել է, որ ոստիկանությունը չի աշխատում բաց դաշտում. «Բազմաթիվ այլ գործերով ոստիկանությունը իրականացնում է տեսանկարահանում, բայց իմ գործով հայտարարում են, թե չեն իրականացրել կամ ոչնչացրել են այդ տեսագրությունները:  Որովհետեւ իրենք  նպատակ ունեն կոծկել, իրենք չեն աշխատում բաց դաշտում: Ինչքան ուզում են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը հայտարարեն, թե հրահանգել են թափանցիկ աշխատել, ոստիկանությունը չի աշխատում թափանցիկ, որովհետեւ ակնհայտ է, որ վերադասն է իրենց նման բան հրահանգել: Հենց հրապարակայնացվում է ոստիկանության գործողությունները, ողջ հասարակությունը տեսնում է,  թե ինչ կառույց է ոստիկանությունը՝  օրենքի խախտումներով գործող կառույց »:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը պահանջում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728