«ՀՀ իշխանությունները սխալ, դավաճանական ճանապարհի վրա են»,-այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա համախոհների կազմակերպած հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ի պատասխան Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» մասին հարցին, այսպես պատասխանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցությունը բխում է մեր ազգային շահից, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանի ազգային շահը դժվարանում եմ ասել՝ որն է: Մարդ, ով երեքուկես տարի խոսում էր եվրոպական արժեքներին հավատարմության մասին, մեկ օրվա մեջ խոսքի փոփոխություն է կատարում, մենք բարոյական իրավունք ունենք ասելու, որ քո կարծիքը մեզ չի հետաքրքրում: Եթե նման կերպ Պուտինի մի փշտի պատճառով դիրքորոշում պիտի փոխես, որ ապացուցես, որ ողջ Հանրապետական կուսակցությունը ստրուկների միություն է: Եթե դու նման քաղաքականություն վարես, ի՞նչ կարիք կա, որ ես ինձ թույլ տամ իջնել այդ մակարդակի ու մեկնաբանեմ նրա դիրքորոշումը: Օկուպանտի հետ ազգային շահ լինել չի կարող: Դահիճի և զոհի միջև համագործակցություն լինել չի կարող»: Այն դիտարկումներին, թե Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Եթե սահման պահող էին, ապա սահմանային վերջին դեպքերի կապակցությամբ գոնե հայտարարությամբ պետք է հանդես գային: Ռուսաստանը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է: Պետք է դիմել գործնական քայլերի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ