ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:
Ռաֆիկ Հակոբյանցը սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է հատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանում:
1962-67 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: 1973 թ. սովորել է նույն կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ:
1963-1969 թթ.՝ աշխատել է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում:
1970 թ., որպես մեներգիչ, աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կատարել ավելի քան 40 տարբեր դերերգեր:
1995 թ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որպես վոկալի դասատու:
2002 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2009-ին՝ պրոֆեսորի:
Հակոբյանցի սաները մասնակցել են միջազգային և հանրապետական հեղինակավոր մրցույթների՝ արժանանալով 40-ից ավելի մրցանակների:
Ռաֆիկ Հակոբյանցի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Փետրվարի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ կայացել է կառավարական հանձնաժողովի նիստը:
Ռ. Հակոբյանցի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 18:00-20:00-ն, Կուզնեցովի փ., շենք 11, բնակարան 4 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Նորքի գերեզմանատանը:
Կառավարական հանձնաժողով