Լրահոս
Օրվա լրահոսը

«Լատինատառ գրելու յուրահատուկ մի «ժանր» կա, որն ուղեղի ցնցում է առաջացնում». Ս. Մարտիրոսյան

Փետրվար 07,2014 18:41

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի ուզում, որ «Համացանցում հայատառ գրելու օրը» պաշտոնականացվի. «Միայն փետրվարի 7-ին չէ, որ պիտի գրենք հայատառ: Եկեք չպաշտոնականացնենք օրը, որովհետև այն, ինչ պաշտոնականացնում ենք, տվյալ օրն անում ենք, մնացած օրերը՝ ոչ: Կանանց մարտի 8-ին և ապրիլի 7-ին հարգում ենք, մնացած օրերին՝ ոչ, հունիսի 1-ին երեխաներին սիրում ենք, մնացած օրերին մեքենաներով անցնում ենք նրանց վրայով, հունվարի 28-ին մեր բանակին գովաբանում ենք, մնացած օրերին ինչ ցեխ ասես շպրտում ենք»,- ասում է Կ. Քոչարյանը:

Հիշեցնենք, որ «Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր» նախաձեռնության հեղինակը Զոհրապ Եգանյանն է, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն շարժառիթների մասին, որոնք իրեն ստիպել են մտածել այդ մասին. «Արդեն զավեշտի աստիճանի էր հասել համացանցում հայերիս լատինատառ հայերենով գրելը: Անշուշտ, բոլորդ տեղյակ եք, թե հայերեն որոշ բառեր իրենց լատինատառ գրությամբ ինչպիսի իմաստներ էին ստանում: Բացի այդ, շատ ցավալի էր, երբ ուսուցիչները բողոքում էին, թե երեխաները համացանցում այնքան են գրել լատինատառ հայերենով, որ դպրոցում հայերեն գրելիս էլ գրում են լատինատառի ձևով: Ծանոթ ուսուցչուհիներից մեկն ինձ աշակերտական մի տետր ցույց տվեց, որտեղ գրված էր «Բարեվ դզեզ»՝ լատինատառ «Barev dzez»-ի նմանությամբ»,- ասում է Զ. Եգանյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը լատինատառ գրելու երկու հիմնական պատճառ է տեսնում. «7-8 տարի առաջ համացանցում տեխնիկապես հնարավոր չէր հայատառ գրել, դրա համար էլ մարդիկ սկսեցին լատինատառ գրել, նույնիսկ յուրահատուկ մի «ժանր» կա, երբ որ լատիներեն և ռուսերեն տառերը խառնում են ու դրանցով գրում հայերեն: Այդպիսի տեքստեր կարդալն ուղեղի ցնցում է առաջացնում: Նման գրառումներ անողները, բնականաբար, մնացել են և սովորույթի ուժով շարունակում են գրել հին ձևով: Բացի այդ, կա նաև տեխնիկական խնդիր: Քանի որ հիմա համացանցը «գաղթում է» դեպի բջջային հեռախոսներ, պլանշետներ, մենք նորից բախվում ենք հին խնդրին»,- ասում է Ս. Մարտիրոսյանը:

Զ. Եգանյանը, սակայն, կարծում է, որ նախաձեռնությունը, որը երկու տարեկան է, այդ ընթացքում որոշակի հաջողություններ գրանցել է:

Նրա դիտարկմամբ՝ Ֆեյսբուքում հայատառ գրողների թիվն ավելի մեծ է, քան մյուս սոցցանցերում: Բացի այդ, վերջերս ֆեյսբուքյան օգտատերերի գրեթե կեսն սկսել է հայատառ գրել:

Սամվել Մարտիրոսյանը, սակայն, չհամաձայնեց Զոհրապ Եգանյանի վերջին դիտարկմանը՝ ասելով. «Ֆեյսբուքը խաբելու հատկություն ունի. այնպիսի միջավայր է ստեղծում քեզ համար, որտեղ դու հիմնականում տեսնում ես այն մարդկանց, որոնց հետ շփվում ես, ու քեզ թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց երբ մտնում ես որոշ լրատվականների էջերը, որտեղ մարդիկ կարող են մեկնաբանություններ գրել, մեսրոպատառ հայերենով մեկնաբանություններ գրեթե չես գտնում:

Վերջերս նույնիսկ լրատվականներից մեկն իր մոտ հայ գրականության շտեմարան էր սարքել, որը լատինատառ էր, այսինքն՝ Հրանտ Մաթևոսյանի գործերը կարելի է ընթերցել նաև լատինատառ հայերենով: Բավականին տարօրինակ նորամուծություն է, որի դեմ իրենց շատ արդարացի զայրույթն են արտահայտում նաև մեր ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները ևս լատինատառ են դարձրել»:

«Թարգմանելու փոխարեն լատինատառ են դարձնում, որպեսզի աշխարհը ճանաչի մեր գրողներին»,- հեգնեց Կ. Քոչարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728