ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը փետրվարի 7-ին ընդունեց «Հայաստանի հարավային երկաթուղի», «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» կոնցեսիոն ծրագրերի կառավարիչ, «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ Տնտեսապես հիմնավորված լինելու դեպքում՝ ընկերությունը կիրականացնի նաև նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի ներկա վիճակի, ֆինանսավորման, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացմանն առչնվող հարցեր:
Ա. Առաքելյանը նշեց, որ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ աշխատանքը, հստակեցնել հետագա անելիքները, սահմանել ժամկետներն ու նշանակել հիմնական պատասխանատուներին:
Ջոզեֆ Բորկովսկին տեղեկացրեց, որ երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն պատրաստվել և ներկայացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
«Առաջիկայում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կներկայացնենք նաև շահագրգիռ մյուս կողմերին և հանրությանը՝ ակնկալելով նաև քննարկումներ:
Այս ամենի նպատակը տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընդունումն ու ծրագրի ընտրությունն է»,-նշեց Ջ. Բորկովսկին:
Ծրագրի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման համար Արթուր Առաքելյանը կարևորեց համապատասխան բովանդակությամբ տեսաերիզի պատրաստումը:
Հանդիպման ավարտին Ջ. Բորկովսկին շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ նախագծի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան ապահովել ծրագրի արագ առաջընթացը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն