Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

Փետրվար 07,2014 18:23

Փետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։

Հատկանշական է, որ նման հանդիպման առաջարկը եղել էր հենց ավագ դպրոցների աշակերտների կողմից։ Գ. Էմինի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Հայարփի Կարեյանը նշում է, որ այսօր աղանդները փորձում են իրենց շարքերը համալրել երեխաներով, քանի որ վերջիններս խոցելի են, ու նրանց ավելի հեշտ է ներգրավել աղանդավորական խմբերում։ Հայարփին նշում է, որ ունի ընկերուհի, ով որոշ ժամանակ եղել է աղանդավորների կազմում, սակայն իր և ընկերների օգնությամբ դուրս է եկել կործանարար այդ կառույցից և այժմ հաճախում է Հայ Առաքելական Եկեղեցի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն աշակերտական խորհուրդների կողմից բարձրացված խնդիրն անվանեց խիստ կարևոր։ «Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները փոխել են իրենց մարտավարությունը, մարտավարության մեջ նաև՝ թիրախ խմբերը, և որքան էլ ցավալի է, այդ թիրախ խմբերում կան նաև աշակերտները։ Ես ուզում եմ խնդրել ձեզ այս թեման քննարկման առարկա դարձնել նաև ձեր աշակերտական խորհուրդներում։ Ոչ թե ճնշել կրոնական այլ հայացքներ ունեցող մարդուն, այլ բացատրել, խնդրել, հետ բերել նրան։ Դուք ինքներդ այնքան խորը պետք է հասկանաք մեզ, մեր ընտանիքը, երկիրը քայքայող այս չարիքը, որպեսի դառնաք մարդկանց ճիշտ ուղի ցույց տվող քարոզիչներ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հոգեբան Մարինա Սահակյանը նկատում է, որ աղանդավորները սովորաբար զբաղվում են մարդաորսությամբ՝ օգտագործելով բազմաթիվ մանիպուլյատիվ մեթոդներ։ Բնականաբար երեխաները, չունենալով կայուն դիրքորոշումներ, գիտակցված բարձր մակարդակ, կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու սպասելիքները դեռ կարծրացած չեն, ուստի նրանց խոցելիության մակարդակը բարձրանում է։ «Ցանկացած ինֆորմացիա զենք է լավ իմաստով։ Հաճախ աղանդավորները մարդուն կանգնեցնում, քարոզում են՝ կիրառելով հիպնոտիկ բազմաթիվ տեխնիկաներ, և հնարավոր է՝ երեխաներն ակամա ընկնեն նրանց հորձանքի մեջ։ Եթե երեխան տեղեկացված է, ապա կզգուշանա, կհրաժարվի լսել, մինչև դառնա չափահաս և որոշի իր անելիքը»,- նշում է հոգեբանը՝ շեշտելով, որ եթե մեծահասակն ընկնում է աղանդավորների հորձանուտը, այնտեղից դուրս գալու հավանականություն կա, սակայն եթե դեռահասն է հայտնվում, դուրս գալու հավանականությունը գրեթե զրո է։

Վարդան վարդապետ Նավասարդյանն էլ երեխայի դաստիարակության հարցում կարևորեց ծնողների դերը։ «Պետք է զարգացնել երեխայի ստեղծագործական միտքը, որպեսզի երեխան կարողանա ընտրություն կատարել։ Մարդն իր կենսագործունեության ընթացքում մշտապես բախվում է ընտրության խնդրին։ Շատ կարևոր է հոգևոր ներաշխարհում արժեքների ճանաչողությունը և զատորոշումը։ Մենք պետք է կարողանանք լույսը խավարից, չարը բարուց տարբերակել։ Եթե այս տարբերակումը մեր հոգևոր ներաշխարհում խաթարված ու խանգարված է, ուրեմն մենք վտանգված ենք»,- նշեց Վարդան վարդապետ Նավասարդյանը՝ շեշտելով, որ ծնողը չպետք է երեխային դուրս թողնի դաստիարակության միջավայրից, պետք է տա բազմաթիվ «ինչու»-ների պատասխանը, հակառակ դեպքում երեխայի մոտ կձևավորվի ագրեսիա։

Հոգեբանն ու հոգևորականը պատասխանեցին նաև աշակերտների հարցերին։ Ցուցադրվեցին նաև քայքայիչ պաշտամունքների վերաբերյալ ֆիլմեր, որոնք առավել պատկերավոր դարձրին դրանց վնասակար ազդեցությունը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728