ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը: Նշվեց, որ վերջերս բարեկամության եւ համագործակցության հուշագիր է ստորագրվել Գյումրի եւ Նարդո քաղաքների միջեւ, սկիզբ է դրվել նաեւ Նարդո եւ Աշտարակ քաղաքների միջեւ գործակցությանը։
Կողմերը քննարկեցին ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները` արձանագրելով, որ առկա է նման ձեւաչափով գործընկերային կապերի զարգացման մեծ ներուժ:
Կարդացեք նաև
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին