Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։
Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ
«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։
«Եվրոպական փաթեթը» հաշվի է առնում «հետվիլնյուսյան» իրողությունները։ Անցյալ տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաքում գումարվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Սակայն անցյալ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվել են։ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչն անակնկալ էր Հայաստանի քաղաքացիներից և եվրոպացի պաշտոնյաներից շատերի համար։
Ուկրաինան սառեցրել է ստորագրումը և տարեվերջին գործարք է կնքել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով այդ երկրում սկսվել և առայսօր շարունակվում են բողոքի ակցիաները։
Միայն Վրաստանն ու Մոլդովան չեն շեղվել ընտրած ճանապարհից և նախաստորագրել են Ասոցացման պայմանագիրն ու դրա առանցքը հանդիսացող Ազատ առևտրի համաձայնագիրը։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, գալիք երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը», որին հավանություն են տալիս Եվրամիության այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսին են Գերմանիան և Մեծ Բրիտանիան։
«Հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան Ասոցացման պայմանագիրը»
Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»։
Այդ փաթեթում կան տեղաշարժին, վիզաներին, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի մեծ ներգրավմանը վերաբերող դրույթներ։
Նախագծում չի նշվում, թե ինչ դեր կարող է Եվրամիությունը կատարել Ուկրաինայում, սակայն ասվում է, որ «Բրյուսելը մտադիր է շարունակել քաղաքական ընդգրկուն երկխոսությունը Կիևի հետ և քաղաքականությունը վարել` հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները»։
Եվրոպացի մի բարձրաստիճան դիվանագետ, ով խնդրել է չհրապարակել իր անունը, «Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ վիզային արգելքներ սահմանելու կամ նրանց արտասահմանյան հաշվեհամարները սառեցնելու հարցն օրակարգում չկա։
ԵՄ-ն չի հանդուրժի Մոսկվայի ճնշումը նախկին խորհրդային երկրների վրա
Նախագծում կա Ռուսաստանին վերաբերող դրույթ, որի համաձայն՝ «Եվրամիությունը ցանկանում է այդ երկրի հետ հաստատել հանգամանալից, ազնիվ և բաց երկխոսություն Եվրոպայում ինտեգրման հարցերի շուրջ»։
Միաժամանակ նշվում է, որ «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»։ Այդ առումով նախագծում կա պարբերություն, ըստ որի՝ «Եվրամիությունը համաձայնեցված արձագանքելու է առևտրային խմբագրողներին, միգրանտ աշխատողների հանդեպ սահմանափակումներին, լարվածության սրումներին և երկարատև հակամարտություններին»։
ԵՄ-ն կհզորացնի դերը կոնֆլիկտների կարգավորման հարցում
Ըստ նախագծի՝ «13 պետությունները հուսով են արագացնել ներքին ընթացակարգերն այն նպատակով, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրած Վրաստանն ու Մոլդովան հնարավորինս արագ` մինչև այս տարվա օգոստոսի վերջ, ստորագրեն այդ փաստաթղթերը»։
Նախագծում Եվրամիության 13 պետությունները հույս են հայտնում «հզորացնել Եվրամիության դերը երկարատև հակամարտությունների կարգավորման խնդրում. Ասոցացման պայմանագրի իրագործումը դարձնել մեխանիզմ, որը Քիշնևին և Թբիլիսիին կընձեռի անջատողական տարածքների հետ կապերն ամրացնելու հնարավորություն և կխրախուսի փոխադարձ շփումների ակտիվացումը»։
Արմեն Քոլոյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայան-ի կայքում