«Առհասարակ, քանակական առումով շատ քիչ է դա, այսինքն՝ մեր լրատվամիջոցներում ընդամենը 1 տոկոս հրապարակումներում կա ատելության խոսք, բայց դա էլ առիթ է տալիս խոսելու, որովհետեւ կան շատ տարածված ատելության խոսքեր, որոնք որ արդեն ընդունված են եւ կարծես թե նորմ են համարվում: Եվ որպեսզի այդ միտումը չշարունակվի, չավելանա, անպայման պետք է այդ երեւույթներին ուշադրություն դարձնել»,- այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքերով՝ «Ատելության խոսքի դրսեւորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» հետազոտությունը սկսելուց առաջ ուսումնասիրվել է միջազգային իրավական դաշտը, Հայաստանի իրավական դաշտը, իսկ թեմատիկ առումով նյութերը բաժանվել են ըստ անհանդուրժողականության տեսակների՝ ռասայական, քաղաքական, սոցիալական, լեզվական, կրոնական, սեռական եւ այլ:
Ընտրվել են 9 լրատվամիջոցներ՝ տպագիր եւ առցանց թերթեր, հեռուստաալիքներ: Հետազոտությանը նրանցից մասնակցել են ամեն տեսակից մեկ իշխանական եւ երկու այլ կուսակցություններին պատկանող լրատվամիջոցներ: Ըստ պարոն Մելիքյանի՝ ուսումնասիրությունը կատարելիս ուշադրություն է դարձվել մի շարք հանգամանքների վրա. արդյոք կա՞ կամ չկա՞ ատելության խոսք, եթե կա, ապա ի՞նչ բնույթի է եւ ո՞ր տեսակին է պատկանում, ինչպիսի՞ն է խմբագրության վերաբերմունքը, հեղինակն ո՞վ է (լրագրող, քաղաքական կամ կրոնական գործիչ) եւ ո՞րն է ատելության խոսքի տեղեկատվական աղբյուրը (նույն ԶԼՄ-ն, հայկական այլ ԶԼՄ, թե արտասահմանյան ԶԼՄ):
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաեւ քանակական առումով ԶԼՄ-ների որ տեսակում է ավելի շատ օգտագործվել ատելության խոսքը.
Կարդացեք նաև
«Առցանց լրատվամիջոցները, ցավո՛ք, այստեղ առաջնորդ են: Ասում եմ «ցավոք», որովհետեւ ամենաարագ զարգացող լրատվամիջոցների տեսակն է, եւ եթե այդտեղ տարածվի ատելության խոսքը, ապա դա, իհարկե՛, շատ բացասական երեւույթ է»:
Արձանագրվել է 1795 ատելության խոսք 151559 հրապարակումներում, որոնցից 1097-ը՝ միայն առցանց մամուլում, մասնավորապես՝ «7or.am», «tert.am», «1in.am» կայքերում.
«Հեռուստաընկերություններում, եթե ըստ տեսակների ենք նայում, ավելի քիչ է: Հեռուստաընկերություններն էին «Հ1»-ը, «Կենտրոնը» եւ «Երկիր մեդիան»: Այստեղ ամենաքիչը «Հ1»-ի եթերում է՝ 9 ամսվա ընթացքում ընդամենը 29-ը այդպիսի արտահայտություն է արձանագրվել, ամենաշատը՝ «Կենտրոնում»՝ 116 արտահայտություն, եւ միջին դիրքեր է գրավում «Երկիր մեդիան»»:
Իսկ տպագիր մամուլում հայտնաբերվել է 492 արտահայտություն, որոնցից «Հայկական ժամանակ» թերթում՝ 247, «Ազգում»՝ 86, «Հայոց աշխարհում»՝ 159:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ