Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Կենտրոնական բանկը միակողմանի ենթադրություն է անում»

Փետրվար 07,2014 16:39

Aravot.am-ը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանից մեկնաբանություն խնդրեց այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) տարածած հաղորդագրության մասին, որում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

Ըստ այդ հաղորդագրության` ԿԲ-ն հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ վճարում կատարելու հարցը թողել է գործատուի հայեցողությանը եւ գործատուն ինքը պետք է որոշի՝ կատարի՞ այդ փոխանցումը, թե՞ ոչ. «Սահմանադրական դատարանի որոշումը հստակ սահմանում է, որ վճարում չկատարելը չի առաջացնում որեւէ բացասական հետեւանք թե գործատուի, թե աշխատողի համար: Այս պարագայում շատ կարեւոր է, որ գործատուները վճարման հարցը քննարկեն իրենց աշխատողների հետ, եւ միայն համաձայնության դեպքում կատարեն այդ փոխանցումը: Կենտրոնական բանկը նշել է, որ «Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»: Նախ ԿԲ-ն անում է միակողմանի ենթադրություն՝ դիտարկելով միայն այն դեպքը, երբ օրենքը կարող է սահմանադրական ճանաչվել եւ անտեսում է մյուս` ավելի իրատեսական տարբերակը, երբ օրենքը կարող է վերջնականապես կասեցվել: Սակայն, մյուս պնդումը առավել վիճահարույց է, որովհետեւ տվյալ պահի դրությամբ չկա որեւիցե նորմ, համաձայն որի օրենքը սահմանադրական ճանաչվելու դեպքում քաղաքացիները ստիպված կլինեն կատարել միանվագ վճարներ»:

Այս ամենից բացի, Դավիթ Խաժակյանը շեշտում է`ՄԻՊ գրասենյակը վերլուծելով առկա դրությունը, հստակ նշել է, որ հակված է այն տարբերակին, որ օրենքի սահմանադրական ճանաչվելու դեպքում մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է Սահմանադրության նորմին, համաձայն որի՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728