ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 7-ին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները:
Կողմերը մեկ անգամ եւս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ այդ հարցում կարեւորեցին Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների շարունակականությունը: Հիմնախնդրի կարգավորման հարցում երկուստեք կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության լծակների արդյունավետ կիրառումը, հետեւողական ու նպատակասլաց աշխատանքը միջազգային կառույցներում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մամլո հաղորդագրություն