Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն: Խաչիկ Մարտիրոսյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ.Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները: Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության, Խ.Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ.Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից: Նշենք, որ 1953թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանը Երևանի բնակիչ է: Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, Խ.Մարտիրոսյանը 21.01.2011թ. ազատվել է ոստիկանությունում ծառայությունից սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ.Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»–ի կայքում