Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի նախկին կնոջ խնդրանքը. «Թույլ չտալ, որ հոր քաղաքական հայացքների պատճառով ոչնչացնեն զավակիս» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 15:43

«Նոյեմբերի 5-ի դեպքերից հետո անչափահաս տղաս` Շահեն Հարությունյանը` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին, անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում, որոնք ինձ համար մտահոգիչ են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը:

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ից հետո որդուն «Մերսեդես» մակնիշի մի մեքենա մգացված ապակիներով անընդհատ հետևում էր, այնուհետև «Բարեկամություն» մետրոյի կայարանում թռուցիկներ բաժանելիս բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոմն Աշոտի կողմից, որի պահվածքը, ըստ Ռուզաննա Բադալյանի` թույլ է տալիս ենթադրել, որ նա ուժային կառույցի աշխատակից է եղել:

Երեկ Aravot.am-ն անդրադարձավ Շահեն Հարությունյանի և ռազմագիտության ուսուցչի հետ կապված միջադեպին, որը տեղի է ունեցել Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում:

Այս մասին տիկին Բադալյանն ասաց, «Ուսուցիչը որդուս` իր կարծիքն արտահայտելու համար անվանել է հոգեկան հիվանդ, այդպես այլախոհների հետ վարվում էին տոտալիտարիզմի ժամանակներում, այդպես փորձեցին վարվել նաև նրա հոր հետ: Ողբերգական է, երբ մեր կրթական ու ռազմական համակարգը ներկայացնողը շարունակում է 1937 թվի` գուցեև իր համար հարազատ ավանդները»:

Շանթ Հարությունյանի նախկին կինը տեղեկացրեց նաև, որ որդուն հունվարի 9-ից հաշվառման են վերցրել Նոր Նորքի բաժնում, իսկ երեկ երեկոյան լուր է տարածվել, որ ովքեր անձամբ զբաղվում էին Շահեն Հարությունյանով, կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են:

Տիկին Բադալյանը նաև հայտարարեց հետևյալը. «Երբ ոստիկանապետն ու փոխոստիկանապետն առաջին անգամ այցելել են Շանթին, սպառնացել են, որ որդու նկատմամբ բռնություն կկիրառեն: Շանթն ինքն էլ է ասել, Արթուր Սաքունցն էլ է ասել: Նման փաստ եղել է, որ նրանք սպառնացել են Շանթի անչափահաս որդով: Չեմ բացառում, որ այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է»:

Ամփոփելով խոսքը՝ տիկին Բադալյանը նշեց. «Մայրական խնդրանքով դիմում եմ մեր երկրի իրավապաշտպան կազմակերպություններին և արևմտյան դիվանագիտական կորպուսներին` ուշադրության կենտրոնում պահել մեր ընտանիքի դեմ ահագնացող հալածանքների այս ցցուն երևույթը, թույլ չտալ, որ հոր քաղաքական հայացքների պատճառով ոչնչացնեն զավակիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728