Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյան. «Հուշարձանը, որն ապամոնտաժված է, երբեք ցուցակից չենք հանելու» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 15:39

Այսօր՝ փետրվարի 7-ին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մշակույթի ոլորտի զարգացման գերակա ուղղությունները: Ըստ նախարարի՝ նախատեսվում է «Հայ պարբերական մամուլ» եւ «Հայ գիրք» համահավաք շտեմարանների ստեղծումը:

Կներդրվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հավաստագրման գործընթացը՝ հավաստագրման կարգի մշակմամբ եւ գործընթացի ներդրմամբ:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կհրապարակվի ցեղասպանությանը նվիրված գրականություն, Հայաստանում կանցկացվեն երաժշտական ծրագրեր եւ այլն:

Նախատեսվում են երաժշտական արվեստի զարգացմանը միտված միջոցառումներ՝ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի մրցույթի անցկացում եւ այլն:

2014-ին Մշակույթի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու «Մշակույթի ազգային ինստիտուտ» հիմնադրամի, պատմության եւ մշակույթի հուշարձանների հետազոտման եւ վերականգնման գիտագործնական գերազանցության կենտրոն ՓԲԸ-ի, Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների ստեղծման ծրագրի մասին որոշումները :

Խոսելով Եվրոպական ժառանգության պահպանության մասին կոնվենցիային Հայաստանի միանալու եւ դրա համատեքստում երեւանյան մի շարք պատմամշակութային արժեքների ապամոնտաժման եւ վերականգման աշխատանքների դադարեցման մասին, ինչպես օրինակ՝ Արամի փողոցի շենքերի, նախարարն ասաց.

«Որոշումն ընդունվել է 2004 թվականին, նաեւ ուզում եմ հիշեցնել, որ կոնվենցիային միանալու հեղինակը Մշակույթի նախարարությունն է: Ուզում եմ նորից հիշեցնել, որ կոնվենցիայի գործընթացը բավականին դժվար անցավ նաեւ մեր ներքին դաշտում, որովհետեւ կոնվենցիան շատ խիստ սահմանափակումներ է դնում պատմամշակութային հուշարձանների վրա, բայց կոնվենցիան մեր ուժերով ընդունվեց, եւ մենք, այնուամենայնիվ, փորձում ենք հնարավորինս հավատարիմ մնալ: Անշուշտ, արձանագրելով այն խնդիրները, որոնք չենք կարողանում կանոնակարգել օրենսդրական դաշտի թուլության պատճառով: Հիմա ինչ վերաբերում այդ հուշարձաններին, այն հուշարձանները, որոնք ապամոնտաժվել են, իհարկե մենք մինչեւ վերջ պնդելու ենք, եւ կողմնակից ենք լինելու այն գաղափարին, որ դրանք պետք է վերականգնվեն, անպայման, որովհետեւ մենք, հուշարձանը, որն ապամոնտաժված է, երբեք ցուցակից չենք հանելու: Ես հուսով եմ, որ այդ ծրագիրը կիրականացվի «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում»:

Նախարարը պնդեց, որ այդ պատմամշակութային հուշարձանների վերականգնումը չի շարունակվում այն պատճառով, որ չեն կարողանում համաձայնության գալ վերակառուցման մասով շահագրգիռ, հետաքրքրվող անձանց գտնելու հարցում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728