Լրահոս
Օրվա լրահոսը

«45 րոպե չղջիկին տեռորի ես ենթարկում, մի հատ էլ զարմանում ես, որ էդ անասունը խի՞ չի թռնում» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 15:25

«Մագիլի քարանձավում բրոնզե դարի շերտ կա, 6000 տարի այդ քարանձավն օգտագործվում է մարդու կողմից, ու այսօր արհեստածին կոնֆլիկտ գտնել, որ մարդկանց ներկայությունը խանգարո՞ւմ է չղջիկներին…չգիտեմ»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Մագիլի քարանձավի շահագործման հայտ ներկայացրած «Ինկար» ընկերության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը:

Նրա խոսքերով` ամբողջ աշխարհում ընդունված է պատմամշակութային քարանձավներն օգտագործել զբոսաշրջության նպատակով. իրենք էլ իրենց ծրագրում եվրոպական փորձն ու չղջիկների պահպանման միջազգային չափանիշներն են կիրառելու: Այսինքն, ինչպես վստահեցրեց պարոն Դավթյանը, չղջիկների որս կամ ոչնչացում չի լինելու, ձմեռային ամիսներին քարանձավը փակ է լինելու, չեն թույլատրելու բարձր աղմուկ հանել, ծխել, կարպիտային լամպեր օգտագործել կամ խարույկ վառել:

Քարանձավը վարձակալությամբ տալու դեմ արտահայտվողներից է ձեռնաթեւավորների մասնագետ Էդուարդ Յավրույանը,  որը պնդում է՝ եթե քարանձավ զբոսաշրջիկների ելք ու մուտք լինի, ապա Կարմիր գրքում գրանցված չղջիկները կվտանգվեն:

Այս առնչությամբ էլ Սմբատ Դավթյանը մեջբերում կատարեց պարոն Յավրույանի՝ դեռեւս 1987 թվականին կատարած գիտական հոդվածից. «Դեկտեմբերի 5-ին մտել են Մագիլի քարանձավ. չղջիկները խորը քնի մեջ էին, սակայն դրանք էլ նույնիսկ 45 րոպե տեւած լուսանկարահանումից եւ լուսավորումից թռչելու փորձ չէին անում: Այսինքն` 45 րոպե չղջիկին տեռորի ես ենթարկում, մի հատ էլ զարմանում ես, որ էդ անասունը խի՞ չի թռնում: Երեւի Մագիլի քարանձավն ուզում են դարձնեն համակենտրոնացման ճամբար չղջիկների համար»:

Պարոն Դավթյանը նաեւ վստահեցրեց, որ բնապահպանության նախարարությունն էլ դեռեւս 2011 թվականին տվել է դրական եզրակացություն, բայց չգիտես` ինչո՞ւ, հիմա այլ բան է ասում:

Մանրամասն` տեսանյութում

Սմբատ Դավթյանի ներկայացմամբ, մշակույթի նախարարությունն էլ, անհասկանալի է, թե ինչու դեռ մի քանի տարի առաջ դրական եզրակացություն տալուց հետո, շահագործման պայմանագիր չի կնքում:

«Եթե փոշմանել է, թող իմ կատարած ծախսերը փոխհատուցի»,-ասաց պարոն Դավթյանը:

Նշենք, որ Մագիլի քարանձավը նախատեսած էր վարձակալությամբ տալ «Ինկար» ընկերությանը` զբոսաշրջության զարգացման նպատակով, եւ ինչպես մեզ ասաց պարոն Դավթյանը, վարձակալության գումարը տարեկան 200 հազար դրամ է կազմելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728