Փետրվարի լույս 6-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն սահմանամերձ Ոսկեպար գյուղից ահազանգ է ստացվել: Այնտեղ է մեկնել բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանից տեղեկացանք՝ բժիշկները երբ ժամանել են Ոսկեպար, այդ գյուղի բնակչուհի, 29-ամյա Գ. Բ.-ի ծննդաբերած արու երեխան մահացած է եղել, ծննդկանին անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Ոսկեպարից իմացանք,որ նորածինը կնոջ երկրորդ երեխան էր:
Ներկայումս Գ. Բ.-ն գտնվում է Նոյեմբերյանի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքում , նրան բուժօգնություն է ցուցաբերվում:
Նշենք, որ Ոսկեպար գյուղում կա մանկաբարձական բժշկական կետ: Արդյոք հղի կնոջ նկատմամբ երեխայի նախածննդյան շրջանում բժշկական բավարա՞ր հսկողություն է ցուցաբերվել, ինչո՞ւ է ուշացումով ահազանգ եղել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Նշենք, որ սահմանամերձ, հերոսական տարեգրություն ունեցող Ոսկեպարում արտագաղթի, ծնելիության անկման պատճառով տարեցտարի նվազում է երեխաների թիվը: 1970-ական թվականներին Ոսկեպարի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: 2012թ. Ոսկեպարի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 97 էր, հիմա՝ 82:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ