Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կրճատել Գյումրի-Մոսկվա չվերթների քանակը

Փետրվար 07,2014 15:07

Ինչպես տեղեկացրել ենք`Շիրակի մարզի Ազատան համայնքի տղամարդկանց մեծ մասին «Զվարթնոց» օդանակավակայանից չէին թույլատրել մեկնել Յակուտսկ, որտեղ ազատանցիները մեծ գործեր են անում, օրինականորեն հաստատված են այնտեղ, քաղաքը կենտրոնացրել են իրենց ձեռքում:

Հենց այս գյուղի բնակիչներից շատերին էլ չէին թույլատրել մեկնել նաև Մոսկվա, ու այս ամենը կատարել էին առանց հիմնավոր պատճառաբանության` խորհուրդ տալով դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Հիմա էլ Aravot.am-ը խոպանչիներից ահազանգ ստացավ առ այն, որ ուղևորափոխադրումներ իրականացնող ռուսական ընկերությունը կրճատել է անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա թռչող չվերթների թիվը` շաբաթական 3-ից դարձնելով 1 անգամ: Այսօր առավոտյան դեպի Մոսկվա չվերթն արդեն իրականացվել է:

Շատերը համոզված են, որ այս ամենը կապված է Սոչիում սկսված ձմեռային օլիմպիական խաղերի հետ, և ՌԴ-ն ավելորդ զգուշավորություն է ցուցաբերում այլազգիների նկատմամբ:

Մենք այս թեմայով պարզաբանումներ խնդրեցինք Գյումրի-Մոսկվա չվերթներ իրականացնող «Վիմավիա» ու «Ուրալավիա» ընկերությունների Գյումրիի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանից, որն ասաց, թե պետք չէ հավատալ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններին՝ այդ ամենը կապված է ուղևորների թվաքանակի նվազման հետ: «Թող համապատասխան թվով ուղևորներ լինեն, ամեն օր էլ չվերթներ կլինեն: Ամեն տարի այս սեզոնին նույն վիճակն է, ակտիվ շրջան չէ, ուղևորների թվաքանակը նվազում է»,- ասաց Դավիթ Հայրապետյանը` տեղեկացնելով նաև, որ շաբաթական երկու անգամ է չվերթ իրականացվում: Վերջինս նաև հույս հայտնեց, որ մոտ երկու շաբաթից չվերթների քանակը կավելանա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728