Լրահոս
Օրվա լրահոսը

Ով պիտի պաշտպանի հոգեւոր անվտանգությունը

Փետրվար 07,2014 15:23

Առցանց «Առավոտի» եթերում խնդիրը քննարկում էին հրապարակախոս Կարինե Հակոբյանը եւ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը

Արամ Աբրահամյան.– Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շաբաթ օրը հայտարարել էր, որ այս տարվա ընթացքում պիտի ստեղծվի հոգեւոր անվտանգության հայեցակարգ: Եթե համաձայն եք, որ այդպիսի հայեցակարգի անհրաժեշտությունը կա, ի՞նչ պետք է այն իր մեջ ներառի:

Կարինե Հակոբյան.– Երբ լսեցի, առաջին իմ արձագանքը դրական էր, բայց հետո, երբ արդեն սկսեցի մտածել այդ ուղղությամբ, ես հասկացա, որ դարձյալ ինչ-որ բան չի արվում այնպես, ինչպես պետք է արվի: Մենք հեռացել ենք մեր ինքնությունից, որքան ես գիտեմ՝ հայկական մտածողությանը, հոգեբանությանը, որը գալիս է մեր դավանանքից, բնորոշ է նյութականի եւ հոգեւորի միասնությունը: Դա նշանակում է, որ մենք չպիտի այսօր դարձյալ առանձնացնենք որպես թեկուզ հայեցակարգ հոգեւոր անվտանգությունը, այլ ազգային անվտանգությունը պիտի դիտարկենք որպես հենց հոգեւորի եւ նյութականի միասնություն: Մենք այսօր չգիտենք՝ որն է Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի առանձնահատկությունը, դա հենց այն է, ինչով պետք է ուսանվի եւ դաստիարակվի սերունդը՝ դպրոցից սկսված:

Կոմիտաս վարդապետ Հովնանյան.– Ես կարծում եմ՝ այս տեսակետը բավականին հետաքրքիր էր, բայց ըստ իս՝ հարցը կայանում է նրանում, որ այսօր բազմաթիվ են Քրիստոսի անունը օգտագործող կրոնական շարժումները, որոնք քրիստոնեական բարոյագիտության հետ որեւէ առնչություն չունեն: Օրինակ՝ երբ ուսումնասիրում եք Դեւիդ Բերգի հիմնած Քրիստոնեական միջազգային ընտանիքը, որը սերմանում է միասեռականություն, արյունամանկապղծություն, ինցեստ եւ նման բացասական երեւույթներ, որի մեջ մտնում է նաեւ զոոֆիլյան, սա ինքնին խոսում է այն մասին, որ եթե նման շարժումներ գալիս են Հայաստան եւ հող են գտնում Հայաստանում, ուրեմն սա խոսում է այն մասին, որ հոգեւոր սպառնալիք կա:

Ա. Ա.– Հետեւաբար կո՞ղմ եք, որ լինի հոգեւոր անվտանգության հայեցակարգ, եւ եթե կողմ եք, ապա ի՞նչ պետք է ներառի այն իր մեջ՝ մեր հասարակության ջանքե՞րը, թե՞ նաեւ պետական օրենքներ:

Կ. Վ. Հ- Ես սիրում եմ Մարկոս Աուրելիոսի մի դարձվածքը, որ ասում էր՝ եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ անբարոյականություն սերմանիր, եւ այդ երկիրը դատապարտված է կործանման: Հետեւաբար, ես կարծում եմ, սա պարզապես կոչ է՝ մտածելու, թե ինչ կարող ենք անել: Հին կտակարանի մեջ երբ կարդում եք հնգամատյանի 5-րդ գիրքը եւ 13 ու 17-րդ համարները, տեսնում եք այնտեղ Մովսես մարգարեի անունով բարձրացված հարցը՝ եթե որեւէ մեկը գա եւ քեզ քո հավատից հեռացնի, նրան քարկոծելով կսպանեք, որպեսզի չարը չտարածվի ձեր մեջ: Ես կողմ չեմ քարկոծելով սպանելուն, քարկոծելը մի դարձվածք էր, պարզապես չարի առկայությունը չեզոքացնելուն եմ կողմ, բայց բարոյականությունը միշտ պահելով՝ անշուշտ:

Ա. Ա.- Պետությո՞ւնը պետք է զբաղվի օրենքներ ընդունելով, թե՞ մենք, հոգեւորականները, հավատացյալները:

Կ. Հ.– Անպայման: Ես ընդհանրապես պետություն, հոգեւորականություն, հասարակություն մեկ ամբողջության մեջ եմ դիտում, եթե մենք լայն իմաստով պետություն ենք: Փաստորեն կարող է լինել հայեցակարգ, բայց կյանքը կապ չունենա այդ հայեցակարգի հետ, որովհետեւ այդ ժամանակ Աստվածաշունչը հենց հայեցակարգն էր այդ ժամանակաշրջանի: Ես այդ մտավախությունը ունեմ, որովհետեւ վերնագրեր են, բառեր են, բայց ինչպե՞ս է դա իրականանալու, ովքե՞ր են իրականացնողները, եւ ովքե՞ր են այդ հայեցակարգը գրողները: Արդյոք եկեղեցին կարիք ունի՞ պետության կողմից անվտանգության հայեցակարգի, որպեսզի լինի ամուր եւ իր դիրքերը պահպանի եւ լինի ժողովրդին մոտ ու թույլ չտա, որ աղանդները այդքան մոտենան ժողովրդին, որովհետեւ մենք ասում ենք՝ ժողովուրդը կտրված է եկեղեցուց: Ամեն ինչ փոխադարձ է, չէ՞:

Ա. Ա.– Արդյոք ունե՞ք այս առումով աջակցության կարիք պետության կողմից:

Կ. Վ. Հ.- Երբ որ ասում ենք՝ պետություն, դա ամբողջականությունն է, ձեր նշած պետությունը դա կառավարությունն է, սրանք տարբեր բաներ են, պետության մեջ մտնում են եկեղեցին, ժողովուրդը, բոլորը: Ես չեմ դադարում Հայաստանի քաղաքացի լինելուց, նույնիսկ եթե հոգեւորական եմ, ուրեմն գաղափարը եկեղեցու եւ պետության տարբեր են, բայց այն, որ պետության մեջ մտնում է նաեւ եկեղեցին՝ անքակտելի ճշմարտություն է: Բացի դրանից՝ եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, սա նշանակում է՝ վտանգը առկա է մեր մեջ արդեն, եւ մարդիկ մտահոգվելով՝ դրանից հարց են բարձրացնում:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Բանավեճն ամբողջությամբ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728