Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության գլխավոր երաշխիքը մեր բանակի մարտունակության շարունակական ամրապնդումն է»

Փետրվար 07,2014 15:10

Հարցազրույց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արթուր Բաղդասարյանի հետ

– Պարոն Բաղդասարյան, Ձեր հրավերով նախօրեին Հայաստանում էր գտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ի՞նչ հարցեր են քննարկվել, անդրադարձ եղե՞լ է հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: ՀԱՊԿ-ում ի՞նչ են մտածում խնդրի մասին:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, այդ թվում` ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի, ՀԱՊԿ զորքերի կառավարման համակարգի ստեղծման հետ կապված հարցեր: Երկրորդ. Հայաստանի համար չափազանց կարեւոր է ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը եւ առկա ռազմական պոտենցիալի հզորացման անհրաժեշտությունը, որի ընթացքին եւս մեկ անգամ հանդիպման ընթացքում անդրադարձանք: Տեղեկացնեմ նաեւ, որ ՀԱՊԿ շրջանակներում այս տարի Հայաստանում կհիմնադրվեն հակաթմրանյութային մասնագիտացված եւ կիբերանվտանգության ազգային կենտրոններ, սեպտեմբերից կգործի ՀԱՊԿ ակադեմիան: Սակայն իմ եւ Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցի առանցքում, ինչ խոսք, հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության թեման էր: Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր եւ ամենաակտիվ անդամ պետություններից մեկն է, որին անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է օգնության հասնեն: Դա ՀԱՊԿ կանոնադրության առանցքային սկզբունքներից է:

Ավելին, ըստ պայմանագրի՝ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ ագրեսիան համարվում է ագրեսիա ողջ ՀԱՊԿ-ի դեմ: Չնայած դրան` վերջին շրջանում անընդհատ քննարկվում է, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանային վերջին միջադեպերին, չի դատապարտում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները։ Ասեմ, որ ՀԱՊԿ-ը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, բազմիցս արձագանքել է շփման գծում տեղի ունեցող սադրիչ գործողություններին եւ ներկայացրել իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը սրելու փորձերին, նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ներառյալ նախագահի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ՝ անընդունելի համարելով ե՛ւ ուժի, ե՛ւ ուժի սպառնալիքի կիրառումը։ Մեր վերջին հանդիպման ընթացքում եւս անդրադարձ կատարվել է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը եւ խաղաղությանն առնչվող խնդիրներին, որտեղ Նիկոլայ Բորդյուժան եւս մեկ անգամ անընդունելի համարեց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը:

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Մեր առաջնահերթ խնդիրը հայկական զինված ուժերի մարտունակության շարունակական ամրապնդումն է, հակառակորդի յուրաքանչյուր դավադիր հարձակմանը կոշտ հակահարված տալը: Սա է մեր անվտանգության գլխավոր երաշխիքը։ Զուգահեռաբար պետք է շարունակել բանակցային գործընթացը՝ գտնել խաղաղության բանալին, ինչը շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728