Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանող-աշխատողներից էլ են սոցվճար գանձում

Փետրվար 07,2014 14:50

Նրանք չնչին եկամուտներով աշխատում են, որ ուսման ու վարձով բնակարանի վարձը վճարեն

Այս օրերին բազմահազար աշխատող ՀՀ քաղաքացիների հետ Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների, մասնավորապես՝ պարտադիր սոցվճարների դեմ ակցիաներին մասնակցում են նաեւ հազարավոր ուսանողներ, որոնք ուսման վարձերը վճարելու համար ստիպված են դասերից հետո կամ գիշերները ցածր եկամուտներով աշխատել: Այս ուսանողների չնչին աշխատավարձերից նույնպես պարտադիր պահումներ պետք է կատարվեն, քանի որ, «Կուտակային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, նրանք ծնվել են 1974 թվականից հետո: Քիչ է՝ այդ ցածր եկամուտներով ուսանողը պետք է վճարի իր ուսման վարձը, նա այդ գումարից բաժին պետք է հանի նաեւ իր ճանապարհածախսի, սնվելու համար: Իսկ եթե ուսանողը հեռավոր շրջանից է, նաեւ բնակարանի վարձ պետք է վճարի:

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Սամվել Բաղոյանը եւ նրա համակուրսեցիներ Գայանե Բուդուլյանը, Ռազմիկ Կարապետյանը, Մուշեղ Հովհաննիսյանը, Մհեր Մալունցը, Անահիտ Սարգսյանը ուսում ստանալու համար ստիպված են աշխատել: Ապագա բժիշկները սոցիալական դժվար պայմանները հաղթահարելու համար ուսումը համատեղում են այս կամ այն բուժհիմնարկում աշխատելով, հերթապահություններ անելով:

«Առավոտի» հետ զրույցում ուսանողները պատմեցին, որ իրենք են վճարում իրենց ուսման վարձը: Ուսման տարեկան վարձավճարն, ըստ ուսանողների, կազմում է 350 հազար դրամ: Բուհի ղեկավարության հետ համաձայնեցնելով՝ ուսանողներն իրենց ամսական 60-ից 80 հազար դրամ աշխատավարձից 35.000 դրամ ուղղում են ուսման վարձին: Ուսանողների ներկայացմամբ՝ աշխատավարձի գումարից բաժին էին հանում նաեւ ապահովագրությանը եւ հունվար ամսից արդեն՝ պարտադիր սոցվճարներին:

Ուսանողները կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ կառավարության պատասխանատուներին հարց են տալիս՝ ինչպե՞ս պետք է ապրեն ուսանողները այդքան չնչին աշխատավարձով, դեռ մի բան էլ կողմնակի վճարումներ անեն: Նրանց կարծիքով՝ գոնե ուսանող-աշխատողների համար բացառություն պետք է արվի:
Նրանց խոսքերով. «Աշխատավարձի գումարով առանց այդ էլ կարողանում էինք հոգալ մեր խնդիրների միայն չնչին մասը: Կենսաթոշակի համար պարտադիր վճարումներ կատարելը, նույնիսկ, եթե այն ամսական 4-5 հազար դրամ է կազմում, էական գումար է ուսանողի համար: Այդ գումարների պահումները կդժվարացնեն առանց այդ էլ կարիքների մեջ գտնվող ուսանողի առօրյան»:

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողների խոսքերով՝ իրենց աշխատող ուսանողներից ոմանք ամուսնացած են եւ մայրաքաղաքում բնակվում են վարձով. «Բացի տան վարձը վճարելուց՝ նրանց գումար է անհրաժեշտ նաեւ կենցաղի, սննդի եւ մի շարք այլ կարիքներ հոգալու համար»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728