Կոմպոզիտորը համոզված է, որ դեռ անդրադառնալու ենք Հայաստանի հիմնին
Անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հանրահայտ ու սիրված երգապնակում նաեւ հիմներ են, այդ թվում՝ հայոց բանակի, Երեւանի պետական համալսարանի, Գյումրիի մանկավարժական համալսարանի, Հայ բարեգործական ընդհանուր միության, «Այբ» ավագ դպրոցի եւ այլն: Այդ ցանկը վերջերս համալրվեց նաեւ նոր՝ Գերմանիայի Լորշ քաղաքի հիմնով:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտորին խնդրեցինք ներկայացնել իր արտերկրյա առաջին հիմնի պատմությունը: «Անցյալ տարեսկզբին համերգային այցելությամբ Գերմանիայում էի, ուր լուր ստացա, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո 2014թ. պատրաստվում են նշել 1250-ամյա Լորշ քաղաքի հոբելյանը: Եվ քանի որ իմ ռեակցիաները մշտապես կառուցված են ոգեւորությունների վրա ու կյանքն ու աշխարհը չափում եմ երգով, ցանկություն հայտնեցի գրել հիմներգ: Այս մասին առաջինը հայտնեցի ոչ միայն իմ, այլեւ Հայաստանի լավագույն բարեկամ Էրնստ-Լյուդվիգ Դրայսսին, ով, ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ձեռամբ պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով»,- ասաց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց, թե Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ինքը ստացել է Էլմար Ուլլրիխի բանաստեղծությունը: Հիմներգի պարտիտուրը, պատրաստ լինելուն պես, հասցեագրել է Լորշի քաղաքապետարան:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հիմնն առաջին անգամ երգչախմբի կատարմամբ Լորշում հնչել է հունվարի 26-ին՝ դիրիժոր Թոմաս Ադելբերգերի ղեկավարությամբ: Ներկա են եղել քաղաքապետը, ղեկավար այրեր, կարդինալ Լեմանը, Արտակ սրբազանը, Գեղարդավանքի վանահայրը: Կոմպոզիտորի խոսքերով՝ իրեն անասելի հաճելի է եղել այն, որ յուրաքանչյուր գերմանացի կարծես իր պարտքն է համարել մոտենալ իրեն, շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել: Իսկ դահլիճում հիմնի կատարումից հետո հանդիսատեսը, ինչպես նաեւ տեղի պաշտոնյաները ուղեւորվել են Լորշի կենտրոնական հրապարակ, որտեղ արդեն բազմահազարանոց ժողովուրդն էր սպասում՝ լսելու իր քաղաքի հիմնը: Ավելին՝ տեղի կենտրոնական եկեղեցում կարդինալ Լեմանը մատուցել է այդ իրադարձությանը նվիրված պատարագ, որին մասնակցել են նաեւ հայ հոգեւորականները, ավարտին էլ հնչել է հիմներգը:
Հիմները գրվում են երաժշտական այն ավանդույթների կիրառմամբ, որոնք արտացոլում են տվյալ ժողովրդի արվեստային տեսակը: Հետաքրքրությանը, թե կոմպոզիտորը այդքան խորացե՞լ է գերմանական երաժշտության ակունքները, պարոն Ամիրխանյանը պատասխանեց. «Ոչ մի աղբյուրից չեմ օգտվել: Այս հիմներգը միայն սեփական զգացմունքներիս արդյունք է: Մյուս կողմից, իմ համոզմամբ՝ յուրաքանչյուր բանաստեղծության հիմքում թաքնված է երաժշտություն, պարզապես պետք է կարողանալ լսել այդ երաժշտությունը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի տարբերություն գերմանական «սառը» երաժշտարվեստի, օտարների մոտ հայ հեղինակի «տաք» հնչյունները ի՞նչ զգացմունքներ առաջացրին, արդյո՞ք կոմպոզիտորը, բացի ծափողջույններից, հասցրել է դրանք «տեսնել», մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմներգում գերմանացիները տեսան այն, ինչը պակասում է իրենց երաժշտության մեջ»:
Անդրադարձ եղավ անհասկանալի ծագմամբ, Բարսեղ Կանաչյանի «կոսմետիկ» միջամտությամբ իտալական ու ավստրիական քայլերգի խառնուրդ հանդիսացող Հայաստանի հիմնին, որը, փաստորեն, մի կողմ նետեց հայ միջնադարյան տաղերի եւ 20-րդ դարի սիմֆոնիզմի սկզբունքներով ստեղծված մեծանուն Արամ Խաչատրյանի իսկապես հանդիսավոր ու պաթետիկ Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունը: Համակարծիք լինելով ասվածին՝ Ռոբերտ Ամիրխանյանը հայտնեց հետեւյալը. «Մեր երիտասարդ երկրի հիմնի վերջնական լուծմանը, համոզված եմ, դեռ անդրադառնալու ենք, քանի որ «Մեր հայրենիքի» երաժշտությունն ու խոսքերը իրենց մեջ չեն կրում հայաստանյան այսօրվա իրականության խորհրդանիշները: Ընդ որում, այս հարցին կարող ենք անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ հասունացած լինի պետականորեն որոշում կայացնելու անհրաժեշտությունը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Դիրիժոր Թոմաս Ադելբերգերը (ձախից),
Ռոբերտ Ամիրխանյանն ու Էլմար Ուլլրիխը:
«Առավոտ» օրաթերթ