Ժամանակն է մի կողմ դնելու վարդագույն ապակիներով ակնոցները
Ես իմ անկախ Հայաստանի արժանավոր զավակն եմ՝ համոզված հայրենասեր:
1991թ. տասնութ տարին դեռ նոր բոլորած երիտասարդիս համար Հայաստան երկրի անկախացումը պայքարով ձեռք բերված հաղթանակ էր, որը մեծ ապագա էր խոստանում հասուն կյանք մտնող՝ վարդագույն ապակիների միջով կյանքի հեռուները երազող ու պատկերացնող երիտասարդին: Հայրենասիրական ոգով տոգորված, իմ անձը կարեւորելով հայրենաստեղծ գործում՝ պատվով ծառայեցի նորաստեղծ Հայոց բանակում՝ պաշտպան կանգնելով մեր երկրին, անառիկ պահելով նրա սահմանները: Զորացրվելուց հետո որոշեցի երիտասարդական ավյունս ներդնել երկրաշարժից ու պատերազմից փլուզված ու քայքայված երկրիս վերակենդանացման գործում: Ի՞նչ էր անհրաժեշտ դրա համար. դառնալ պահանջված ու բարձրակարգ մասնագետ: Նախադրյալներն առկա էին:
Հինգ տարի անց գերազանց ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-ծրագրավորողի ժամանակակից մասնագիտությամբ, վստահ քայլերս ուղղեցի աշխատանք փնտրելու, աշխատանքային գործունեությունս սկսելու, անմնացորդ նվիրվելու, բայց… Պարզվեց՝ ստացածս գիտելիքները բոլորովին էլ պետք չէին իմ երկրին, բարձրակարգ մասնագետի կարիք չուներ իմ երկիրը, գիտելիքը բավարար չէր, կարեւոր հանգամանք էր նաեւ հովանավոր բարեկամ, «բարի կամեցող» ունենալը՝ բառիս բուն իմաստով, այն դեպքում, երբ համակուսեցիներիցս շատերը մեծ հաջողությամբ իրենց տեղն արդեն հասցրել էին գտնել կյանքում՝ իրենց հայկական ուղեղներն առաջարկելով ամերիկյան ու եվրոպական գործատուներին: Ու ես՝ անձնվեր հայրենասերս, ինձ սկսեցի փորձել այլ գործերում, ոչ իմ մասնագիտությամբ, բայց իմ հողում: Ու ի՞նչ…
Տարիներն անցնում են, արդեն հասուն տղամարդ եմ, յոթամյա զույգ զավակների հայր, հաջողությամբ տիրապետում եմ ամենատարբեր մասնագիտությունների՝ սկսած հաշվապահից մինչեւ վերանորոգող վարպետ՝ ամեն տեղ պահանջվող «լեզուների եւ համակարգչի գերազանց իմացությամբ»:
Ի՞նչ անել, ինչպե՞ս հոգալ դեռ կյանքն իմ աչքերով ու տեսանկյունից ճանաչող զավակներիս՝ հայրենիքի ապագա պաշտպանների այսօրվա կենսական կարիքները: Հայրենակիցներիս շատ շատերը այս հարցի «լավագույն» լուծումը յուրովի են գտել. լքել են հայրենիքը, բայց ոչ լքելու համար, այլ իրենց ընտանիքները պաշտպանելու ու պահպանելու, զավակներին հուսահատ ու ընկճված երիտասարդ դառնալու վտանգից փրկելու, դժբախտ մանկության սինդրոմից ազատելու համար:
Ըստ տեղեկատվական որոշ աղբյուրների՝ 2013 թվականին Հայաստանից հեռացել է 52000 մարդ, սակայն ըստ լրատվական մեկ այլ աղբյուրի՝ բնակչության թիվը դեռ մի բան էլ աճել է: Հարց է ծագում. այդ ինչպե՞ս: Մի՞թե հայ մայրերը սկսել են «էկոլոգիապես մաքրազերծված» Հայաստանում միայն եռյակներ ծնել, իսկ ծերերի կյանքը մեր ղեկավարության «հովանավորությամբ» այնքան ապահով ու անհոգ է դարձել, որ անցյալ տարի ոչ մի մահ չի գրանցվել. երանելի ու զավեշտալի «ցուցանիշ»:
Ցավոք, արտագաղթը դարձել է կենսական խնդիրները լուծելու, զավակներին չափահասության սահմանը հատելուց հետո այս խաղաղ պայմաններում կյանքն ապահովագրելու ամենահուսալի միջոցը: Պետությունը ոչ մի երաշխիք չի տալիս իր զինվորի կյանքի համար: Հայրենիքի սահմանները պաշտպանած հայրը իր զավակի փրկությունն այսօր տեսնում է միայն պետության սահմաններից նրան հեռու պահելու մեջ, գերադասում է հիշողություն-պատմություններով հայրենիքի կերպարն ամրագրել զավակի հիշողության մեջ, քան Եռաբլուրում մի օր էլ ինքը համազարկերի ներքո սգալ իր հերոս զավակի կորուստը: Աստված մի արասցե:
Հիմա էլ քաղաքացուն թալանելու դասական ձեւ է պեղել մեր կառավարությունը. չկարողանալով ապահովել աշխատող, գնաճի այս պայմաններում մի կերպ ընտանիքի գոյությունն ապահովող քաղաքացու այսօրվա օրը՝ որոշել է նրա վաղվա օրվա՝ խոր ծերության մասին «հոգ տանել». «Տնտեսել այսօրվա միջոցները վաղվա նեղ օրվա համար, եթե, իհարկե, ո՜վ քաղաքացի, քեզ բախտ վիճակվի դառնալու թոշակառու (այսօր, այո՛, դա բախտի բան է), եթե կարողանաս հաղթահարել այն քառուղի ճանապարհը՝ տարեցտարի բարդացող ու անհաղթահարելի, որ մեր թեթեւ ձեռքով նախապատրաստել ենք քեզ համար: Նաեւ մի՛ մոռացիր, ապագա՛ թոշակառու, որ տնտեսության հիմքը խնայողությունն է, դու դա անել չես կարող, ավելի լավ է մեզ վստահես քեզ «ոչ հասու» այս դժվարին գործը: Եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ ողջ ու առողջ մնաս մինչեւ վաստակած հանգիստ, մենք հո չե՞նք թողնի քեզ բախտի քմահաճույքին, քո չնչին բյուջեն կկառավարենք մենք՝ դրա փորձն ունեցողներս, քսաներեք տարի «կկուտակենք» քո գումարները, ապա «մեծ սիրով» եւ կրկնապատիկ կհանձնենք քեզ»: Բարեգործության կատարյալ սցենար:
Բայց չէ՞ որ մենք հայ ենք, մեզ համար ընտանիքի բարօրությունից առավել ոչինչ չկա, մեր եւ մեր պետության վաղվա օրը մեր զավակներն են, մենք գերադասում ենք ներդրում կատարել այսօր, մեզ զրկելով՝ առողջ ժառանգներ մեծացնել՝ մտքով ու մարմնով:
Ուրեմն ի՞նչ, ժամանակը չէ,՞ արդյոք, բացելու բոլոր խաղաքարտերը, ասելու, թե էլ ինչ անակնկալներ եք նախապատրաստել մեզ համար, ո՜վ պետության բարձրաստիճան այրեր, մի՞թե ձեզ չի հուզում դատարկվող Հայաստանի ճակատագիրը, վերջապես՝ ո՞ւմ պիտի ղեկավարեք, ո՞ւմ միջոցների հաշվին պիտի լցնեք ձեր գրպաններն ու պետության՝ Դանայան տակառ հիշեցնող գանձարանը, ո՞վ պիտի պաշտպանի ձեզ ու ձեր ղեկավարած պետության սահմանները: Մի՞թե ժամանակը չէ սթափվելու:
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
41 տարեկան, ՀՀ քաղաքացի
«Առավոտ» օրաթերթ
Միամիտ մարդ․․․․