«Ցավում եմ, որ 14 տարի շատ արդյունավետ աշխատել է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, բայց այդ տարիների ընթացքում առաջին անգամ համատեղ հայտարարություն չի եղել, նիստը Ստրասբուրգում, ըստ էության, տապալվել է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց հանձնաժողովի նախկին համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակումներ կային այն մասին, որ փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, ըստ էության, տապալվել է ։ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-ամյա գործունեության պատմության մեջ առաջին անգամ չի հաջողվել նիստի արդյունքում եզրափակիչ հայտարարություն ընդունել։
«Ցավում եմ, որ այդ պատասխանատվությունն ընկավ մեր պատվիրակության վրա, որն, ըստ էության, մեծ հաշվով պատասխանատու չէ տարվող այլ արտաքին քաղաքականության համար, ինչը բերեց նման արդյունքի»,- ասաց տիկին Զոհրաբյանը`հավելելով, որ նման արդյունք, այնուհանդերձ, կարելի էր կանխատեսել` սեպտեմբերի երեքի որոշումից հետո:
Պատգամավորը նկատեց, որ միակ երկիրը, որը Եվրախորհրդարանը համատեղ նիստերից հետո համատեղ դեկլարացիաներ չէր ունենում՝ Ադրբեջանն էր:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախկին համանախագահը նաեւ հավելեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նախկինում միշտ եղել է արդյունավետ, հայանպաստ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ