«Գազի պարտքը, որը ներկայացվում է որպես «կինդեր սյուրպրիզ» ՀՀ բնակիչներին, կազմում է այդ խայտառակ պայմանագրերի հիմքը»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Գազի խնդիրների հարցով ԱԺ միջկուսակցական հանձնաժողով ստեղծելու մասին՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին պարոն Սաֆարյանն ասաց. «ԱԺ մեծամասնությունը հասկանում է, որ եթե թույլ տա բզբզել այդ հիմքին, նշանակում է կասկածի տակ դնել այդ համաձայնագիրը»:
Ըստ պարոն Սաֆարյանի՝ եթե անգամ հանձնաժողով ստեղծվի, «հանձնաժողովը շոուի մաս է կազմելու, ինչպես մազութի հանձնաժողովը, մարտի 1-ի հանձնաժողովը»:
Պարոն Սաֆարյանն ասաց, որ ապացուցելը հեշտ է, որ այդ պարտքը գոյություն չունի, դա հայ հասարակության պարտքը չէ «Գազպրոմին»:
Կարդացեք նաև
Արտակ Դավթյանն ի պատասխան նշեց. «Բոլոր այն պարզաբանումները, որոնք ես լսել եմ, ինձ մոտ չկա տպավորություն, որ ինչ-որ բան թաքցվել է հանրությունից: Եթե իրականում մեր ընդդիմախոսները մեզ կապացուցեն, որ 20 տոկոսը Հայաստանի ինքնիշխանության կորուստ է, ապա ՀՀ-ն ցանկացած պարագայում կարող է վճարել ու հետ գնել այդ մասնաբաժինը:
Գազի գնի հետ կապված բոլոր հարցերին ի պատասխան՝ պարոն Դավթյանը հղում էր անում դրա հաշվման բանաձեւին: Հարցին՝ իսկ ի՞նչ է նշված այդ բանաձեւում, պարոն Դավթյանը պատասխանեց. «Կար բանաձև, երեք տարի բանակցեցինք, հետո եկանք համաձայնության, որ մեր պարտքը այսքան է»: Պարոն Սաֆարյանն այս կապակցությամբ ասաց, թե «հո բանաձևի մեջ գազի գույնը գրվա՞ծ չէ, որ Ռուսաստանն ասել է կարմիր է, կամ այլ գույն»: Արտակ Դավթյանն արձագանքեց. «Ես գազի մարդ չեմ, ոչ էլ պարոն Սաֆարյանն է գազի մարդը, եկեք այդ մանրուքների մեջ չմտնենք: Եթե որոշակի մարդիկ կան, որոնք ինչ-ինչ մեղքեր են գործել, պատասխանատվության են ենթարկվելու»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ գազի ձևավորված պարտքը ամենաառեղծվածայինն է ու միայն քրեորեն հետապնդելի արարքի մասին է վկայում:
Արտակ Դավթյանն էլ արձագանքեց, թե անկախ ամեն ինչից դրա համար կա դատախազություն և եթե քրեորեն պատժելի արարք առկա լինի, անդրադարձ կլինի:
Ստեփան Սաֆարյանն ու Արտակ Դավթյանն անդրադարձան նաև կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին: Պարոն Սաֆարյանն ասաց, որ «ՍԴ-ն մտել է կեղտոտ քաղաքական խաղերի մեջ և խորամանկ քաղաքական հնարք է կատարվել՝ ժամանակ ձգձգելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ