Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. Պատերազմի հավանականությունը 0-ական է (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 13:21

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությունը զրոյական է, քանի որ պատերազմները վերսկսվում են միայն այն դեպքում, երբ վերսկսող կողմը առնվազն 50-60%-ով վստահ է իր հաղթանակի վրա: Իսկ տվյալ դեպքում Ադրբեջանի համար հաղթանակը, ըստ քաղաքագետի, միայն այն տարբերակն է, որ շատ արագ՝ մեկ շաբաթվա ընթացքում, մինչեւ միջազգային հանրության միջամտությունը, Ադրբեջանը հասցնի ամբողջ Ղարաբաղը՝ լայնքով եւ երկայնքով զավթել ու հասնել Հայաստանի սահմաններին: Մյուս բոլոր տարբերակների պարագայում՝ պատերազմը Ադրբեջանին ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով չի սկսի:

«Նոյյան տապան» մամլո սրահում այսօր կայացած ասուլիսում պրն Իսկանդարյանը հիշեցրեց, որ Հարավային Կովկասը սպառազինվածության առումով աշխարհի ամենասպառազինված տարածքներից է, սակայն, ըստ Ւսկանդարյանի, դա խաղաղության, եւ ոչ թե պատերազմի երաշխիք է:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին մշտապես հավասարակշռված գնահատական տալուն, դրանում պարոն Իսկանդարյանը որեւէ պրոբլեմ չի տեսնում: Այդպես էլ պետք է լիներ՝ կարծում է նա, քանի որ Մինսկի խումբը արդարության մարտիկ չի կամ չի երդվել Աստվածաշնչի վրա, որ միայն ճիշտն է ասելու, եւ ոչ էլ պատժիչ խումբ է, որ մեղավորներին պատժի.«Մի կրակեք դաշնակահարի վրա, նա անում է այնքան, որքան կարող է»,-հայտնի ֆիլմի վերնագիրը ցիտեց նա:

Ինչ վերաբերում է հակամարտության լուծումը քսան տարվա ընթացքում չգտնելուն, ապա քաղաքագետը չի կարծում, որ երկար ժամանակ է  անցել, եւ բերեց մի շարք օրինակներ, երբ կոնֆլիկտները շատ ավելի բազմամյա են: «Ես հասկանում եմ, որ հայերը աշխարհի ամենախելոք, ամենատաղանդավոր եւ այլ ազգն են, բայց ոչ՝ այդ աստիճանի»,-հեգնեց նա, եւ ասաց, որ այդ կարգի հակամարտությունները տարիներ, սերունդներ են ձգվում, քանի դեռ հակամարտության հիմքում եղած պրոբլեմը կա. «Կողմերը չեն ուզում, որ խնդիրը լուծվի, դրա համար էլ չի լուծվում, որովհետեւ յուրաքանչյուր կողմի համար կոմպրոմիսը լրիվ այլ կերպ է պատկերանում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728