Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես մի սովորական ժուլիկ»

Փետրվար 07,2014 12:50

«Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ նաև խորհրդարանում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա` ընդդիմության միասնությունը հնարավորություն է տալիս էապես օրակարգ թելադրել. «Խորհրդարանում մթնոլորտը փոխվել է, ամեն օր ճշմարտություններ են բացահայտվում»:

Ըստ Զուրաբյանի նախորդ քառօրյան հետևյալ դասը տվեց. «Պարզվում է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը որդեգրել է գաղտագողի գործարքների գործելաոճը, Սահմանադրության խախտման և ԱԺ-ն շրջանցելու գործելաոճը: Հենց այն պատճառով, որ ԱԺ-ում մթնոլորտ է փոխվել, կառավարությունն ամեն ինչ անում է, որ շրջանցի խորհրդարանը»: Ըստ պատգամավորի, դրա մասին է փաստում գազային գաղտնի գործարքը, Որոտանի կասկադի վաճառքը, որը նույնպես կատարվել է՝ շրջանցելով օրենքներն ու ԱԺ-ն:

Զուրաբյանը ևս խոսեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համատեղ քայլերի մասին`չցանկանալով բացահայտել մանրամասները. «Ինձ խոշտանգեք էլ, այսօր չեմ ասելու, թե ինչ քայլեր են դրանք լինելու, բայց որ շարունակություն լինելու է, չկասկածեք»:

Լեւոն Զուրաբյանը ասաց, որ իրենք բազմիցս փաստել են Սահմանադրության և օրենքների խախտման մասին, բայց ԱԺ մեծամասնությունն իր «բութ» տեսակետն ունի և չի ուզում հասկանալ: Միակ ճանապարհը, ՀԱԿ խմբակցության ղեկավարը համարում է «ժողովրդի միջոցով այս հանցագործների ականջը ձգելն է»:

Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, որ գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի, Զուրաբյանն ասաց, որ իշխանություններն էլ են հասկացել իրենց խայտառակությունը և փնտրում են ելքեր: Միաժամանակ իշխանությունների խոսքերը ՀԱԿ-ին հավատ չեն ներշնչում:

Անդրադարձավ նաև Որոտանի կասկադի վաճառքին, պատգամավորը մանրամասն վերլուծություն ներկայացրեց՝ նշելով, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ստել է՝ ասելով, թե կառավարությունը չի վաճառել այն: «Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես մի սովորական ժուլիկ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ այս հարցով խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ Լեւոն Զուրաբյան-Հրայր Թովմասյան փոխադարձ վիրավորանքերով թեժ երկխոսություն ընթացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728