Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի»

Փետրվար 07,2014 12:29
Armen Rustamyan

«Դեռ պարզ չէ, ինչ է նշանակում նստել քննարկել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով հարցին`Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ ձևաչափով պատրաստ է նստել քննարկել գազային պայմանագրերի ուսումնասիրման հարցը, ինչպե՞ս դա կմեկնաբանեք: «Մենք այդքան առաջարկներ արեցինք նստել-քննարկելու վերաբերյալ, դեռ ավելի վաղ, բայց բոլորը մերժվեցին: Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի, ես չգիտեմ: Մենք պատրաստ ենք ամեն նման քննարկումների: Խնդիր չունենք: Ավելի լավ է քայլ կատարվի, քան հարցը փակուղի մտնի. ժողովրդի համար կարևոր հարց է գազի հետ կապված հարցը: Եթե քաղաքական կամք դրսևորեն, մենք պատրաստ ենք: Բայց եթե պիտի արվի քարոզչական նպատակով, իմաստ չունի, հերթական հիասթափությունը կառաջացնի»,-շարունակեց պատգամավորը:

Լրագրողներից մեկի մեկ այլ հարցի`մեծամասնության համառության պատճառով ոչ իշխանական քաղաքական ընդդիմությունը չի կարողանում որևէ արդյունքի հասնել. Չե՞ք կարծում, որ պետք է օրակարգը փոխվի, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք գիտենք, թե ինչ կարծիք կունենա քաղաքական մեծամասնությունը, երբ հերթական անգամ ոչ իշխանական ուժերը որևէ առաջարկ են ներկայացնում: Գիտենք, որ կմերժեն: Բայց այդ պրոցեսը նաև մեր ժողովրդին է ուղղված, որ տեսնեն՝ ինչը ինչոց է: Մարդիկ տեսնում են, որ եթե ցանկացած հարց մերժվում է՝ անգամ ամենաանմեղ հարցը, բնական հարց է առաջանում, եթե նվազագույն խնդիրների լուծման առաջարկները պետք է մերժվեն իշխանության կողմից, ուրեմն մեկ հարց է մնում օրակարգում՝ իշխանություններին փոխելը»:

Ընդդիմության սույն մոտեցումը բանախոսը համարում է մարտավարություն, որը տալու է իր արդյունքները. «Ոչ իշխանական քաղաքական չորս ուժերը իրենց օրակարգից չեն հրաժարվելու: Կա իշխանափոխության նպատակ, բայց ինչպե՞ս գնալ դրան, ի՞նչ բովանդակությամբ, ինչպե՞ս անել, որ նոր եկող իշխանությունները նույն սխալները չկրկնեն, դա դեռ քննարկման փուլում է: Այնպիսի համակարգ պետք է ձևավորվի, որ ժողովրդավարական ավանդույթները արմատներ գցեն, այնպես որ չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը աշխատում են իրար հետ գտնել համաձայնության եզրեր: Դեռ կան տարաձայնություններ, բայց եթե չենք հասել մեծ համաձայնության, գոնե պետք է առանձին հարցեր գտնել ու միասին շարժվել առաջ:  Դա արդյունավետ ճանապարհ է, կփորձենք այդպես առաջ շարժվել»:

Արմեն Ռուստամյանն աննախադեպ է համարում, անգամ մեկ հարցի շուրջ չորս քաղաքական ուժ համաձայնվում են. «Այդպես չի եղել նախկինում, հետևաբար պետք է դա պահպանել, որովհետև իշխանությունների կողմից իրականացվում է հակաքարոզչություն այն պառակտել, իշխանությունները ջանք չեն խնայում այդ միասնությունը պառակտել, որովհետև դա իրենց ձեռնտու չէ, որ հանկարծ թույլ չտան ընդդիմության ու հասարակության միավորում կոնկրետ հարցի շուրջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728