Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-ամյա պատմության մեջ առաջին անգամ չի հաջողվել եզրափակիչ հայտարարություն ընդունել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 07,2014 11:14

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, ըստ էության, տապալվել է։ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-ամյա գործունեության պատմության մեջ առաջին անգամ չի հաջողվել նիստի արդյունքում եզրափակիչ հայտարարություն ընդունել։

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ընդհանրապես տեղի չունեցավ նույն հանձնաժողովի հերթական՝ Երեւանում նախատեսված նիստը։ Այն ժամանակ ԵՄ պատվիրակության անդամները չժամանեցին Հայաստան՝ բոյկոտելով նիստը ի նշան բողոքի՝ Մաքսային Միությանը անդամակցելու Հայաստանի մտադրության մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարության։

Հոկտեմբերին Հայաստան ժամանեց միայն ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի նախագահ Միլան Ցաբրնոխը, ով առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանում, ինչպես նաեւ հարցազրույց տվեց «Հայկական ժամանակին» եւ հայտարարեց, որ ԵՄ պատվիրակության անդամների չգալու պատճառներից մեկը նաեւ Հայաստանի նկատմամբ հետաքրքրության պակասն է։

Եվ ահա հարաբերությունների այսպիսի բազայով փետրվարի 4-ին Ստրասբուրգ մեկնեց հայկական պատվիրակությունը՝ հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու համար։ Պարզվում է, սակայն, ստրասբուրգյան նիստը գրեթե արժանացել է երեւանյանի ճակատագրին։ Ստրասբուրգից ստացած մեր տեղեկությունների համաձայն, փետրվարի 5-ին այն, ըստ էության, ընդհատվել է, քանի որ հանձնաժողովի եվրոպացի անդամները սկսել են ամենատարբեր պատրվակներով լքել դահլիճը, եւ ի վերջո նիստն ընդհատվել է նրանց բացակայության պատճառով։

Փետրվարի 6-ին աշխատանքները շարունակվել են, սակայն եզրափակիչ հայտարարության հարցում համաձայնության չի հաջողվել հասնել, եւ այն այդպես էլ չի ընդունվել (կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հատվածի շուրջ):

Օրվա վերջում էլ եվրոպական կողմի նախաձեռնությամբ չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի փոխնախագահի անունից հրավիրված ճաշը։

Հայկական պատվիրակության անդամների փոխանցմամբ, քննարկումների ողջ ընթացքում Եվրախորհրդարանի պատգամավորները ագրեսիվ են եղել, խիստ քննադատության են ենթարկել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի համատեքստում Հայաստանի իշխանությունների գործողությունները։ Նրանք ընդգծել են, որ եթե Հայաստանի հետ ասոցացման բանակցությունների հենց սկզբից իրենք իմանային, որ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի իշխանությունները համարում են տրամաբանական, ինչպես այժմ են ներկայացնում, ապա այդքան ժամանակ ու միջոցներ չէին ծախսի ՀՀ հետ բանակցությունների վրա։

Ու թեեւ եզրափակիչ հայտարարություն չընդունելու ֆորմալ պատճառ է դարձել ԼՂ-ին վերաբերող հատվածի շուրջ անհամաձայնությունը, ակնհայտ է, որ ամեն ինչի հիմքում ընկած է ՀՀ իշխանությունների պահվածքից եւ գործողություններից ԵՄ-ի խորը հիասթափությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728