Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱՆՁ

Փետրվար 07,2014 10:17

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունիններորդ

ԳՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱՆՁ

Եվ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով նախ ինձ նայեց, հետո նայեց Հայկունուն ու ժպտալով ասաց՝ «գրականության գծով ինձ ու Անանիային կռվացրիք, բայց ինձ ու Արմոյին չեք կարա կռվացնեք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «եթե ես կռվելու մտադրություն ու նպատակ չունենամ, ոչ մեկը չի կարա ինձ կռվացնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային հարցրեց՝ «բայց ինչի՞ ես մտադրվել», եւ Անանիան զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ի՞նչն եմ ինչի մտադրվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «ինչի՞ ես մտադրվել հետս կռվես», եւ Անանիան ավելի զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ մտադրվել եմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ես ասում», եւ Անանիան ապշահար նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում ես, որ մտադրվել ես հետս կռվես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էս մարդը քեզ տաղանդ ա անվանում, դու ասում ես՝ մտադրվել ա հետդ կռվի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «ինքը առեւտրի գծով տաղանդ ա, բայց մարդկանց ու կյանքը հասկանալու գծով լրիվ զրո ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «առեւտրի գծով հանճար ա, գրականության գծով ա տաղանդ», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսեի՛ գծով», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «բայց կյանքն ու մարդկանց չհասկացող մարդը կարա՞ առեւտրի ու գրականության գծով հանճար ու տաղանդ ըլնի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ կարա», եւ Հայկունին Անանիային հարցրեց՝ «բայց առեւտուրն ու գրականությունը կյանքի հետ կապ ունեն, չէ՞» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ գրականությունը կյանքի հետ կապ չունի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «էդ հարցը Արմենին պիտի տաս. գրականության գծով ուստեն ինքն ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային, հետո ժպտալով Հայկունուն ասաց՝ «Անանիան կրոնի գծով ա ուստա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «կրոնի ու հավատքի գծով», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «լավ կանես՝ քո իմացած բաներից խոսաս», եւ Ջավախյանը քմծիծաղով Անանիային հարցրեց՝ «իմ իմացած բաները որո՞նք են», եւ ես Անանիային փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «առեւտուրն ու գրականությունը», եւ Հայկունին ժպտալով ինձ հարցրեց՝ «բայց առեւտուրն ու գրականությունը կյանքի հետ կապ ունեն, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կյանքի հետ կապ ունեն, բայց իրար հետ էնքան էլ կապ չունեն», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրար հետ էնքան էլ կապ չունեն, բայց Ջավախյանը հաջողությամբ կապում ա», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «բաշարում ա՝ կապում ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բան չունեմ ասելու», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քմծիծաղով ասաց՝ «մենակ մնում էր՝ բան էլ ասեիր», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին, իրեն զսպեց ու ոչինչ չասաց, եւ Բարդուղը վրդովված ասաց՝ «էս ազիզ օրով ի՞նչ եք գրականագիտական ռազբորկեք սկսել», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «ավելի շուտ առեւտրական ռազբորկեք են, քան՝ գրականագիտական», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «դուք որ շիրա չտաք, ոչ մի ռազբորկա էլ չի ըլնի», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գրական նախանձն էնքան ուժեղ երեւույթ ա, որ առանձնապես շիրա տվող հարկավոր չի», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին հարցրեց՝ «ես ե՞մ Անանիային նախանձում», եւ Անանիան քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «էդ տարբերակն ավելի հնարավոր ա, քան՝ հակառակը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Անանիային ասաց՝ «հավն էրազում կորեկ ա տենում», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «լավ կանես՝ խոսալուց առաջ մի քիչ մտածես» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «մտածելը նույնիսկ գրողների համար ա օգտակար» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «նույնիսկ առեւտրական գրողների համար ա օգտակար», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ամեն դեպքում, Արիկի ասածի մեջ ճշմարտության հատիկ կա», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «ո՞ր ասածի մեջ», եւ Հայկունին ասաց՝ «էդ որ ասում ա՝ գրողների մեջ իրար նկատմամբ նախանձություն կա», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «էդ նորություն չի», եւ Արիկը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «հիմի, ըստ քեզ, Անանիան ա՞ Ջավախյանին նախանձում, թե՝ հակառակը», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ ոչ Անանիան ա Ջավախյանին նախանձում, ոչ էլ՝ հակառակը», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ստացվում ա, որ գրողական նախանձը հեչ էլ պարտադիր երեւույթ չի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարտադիրը պարտադիր ա, բայց՝ ոչ Անանիայի ու Ջավախյանի դեպքում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ դեպքում ա պարտադիր», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Շեկոյան Արմենին մոռանում եք» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մոռանում եք, որ ինքն էլ ա գրող» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ինձ թվում ա՝ ինքը համ Անանիային ա նախանձում, համ էլ՝ Ջավախյանին», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Աբոն որ իմ գրածն էլ Թումանյանի «Գիքորի» հետ համեմատեր, իրանք էլ երեւի ինձ կնախանձեին », եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «առնվազն իմ մասով սխալվում ես, պարոն Շեկոյան», եւ Ջավախյանը թարս նայեց Անանիային ու հարցրեց՝ «այսինքն, իմ մասով չի սխալվո՞ւմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ուրիշի անունից խոսալու իրավունք չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «շատ հնարավոր ա՝ Արմենն ու դու իրար նախանձեք», եւ Ջավախյանն ապշահար նայեց Անանիային ու քամահրանքով հարցրեց՝ «էդ ի՞նչ կերար, որ իմացար», եւ Անանիան նայեց սեղանին ու ժպտալով ասաց՝ «առայժմ բան չեմ կերել» եւ իր կիսադատարկ բաժակին նայելով ավելացրեց՝ «ոչ էլ առանձնապես խմել եմ», եւ Բարդուղը փնթփնթալով ասաց՝ «էս ազիզ օրով փոխանակ ուտեք ու խմեք, ինչ-որ ծիծաղելի գրական հարցեր եք քննարկում», եւ Օրթախը ծիծաղելով Բարդուղին ասաց՝ «քո ուշքն ու միտքն էլ ուտելն ու խմելն ա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ խմելը»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728