Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքրիր կրքեր Ազգային ժողովում՝ դատախազի հաշվետվության հետ կապված

Փետրվար 06,2014 22:45

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր նաեւ ԱԺ կանոնակարգ- օրենքում փոփոխություն անելու վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը տարեկան հաշվետվություն, հաղորդում կամ որեւէ այլ անուն կրող ամփոփումով հանդես գա Ազգային ժողովի առաջ:

Հիշեցնենք, որ մինչ այժմ նման բան չկա, եւ այսքան տարիների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հաշվետու չի եղել իրեն հաստատող մարմնի՝ Ազգային ժողովի առաջ: Երբ 2013-ի սեպտեմբերին Գեւորգ Կոստանյանը՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, Ազգային ժողովում ներկայացնում էր իրեն՝ ԱԺ-ի հաստատումը ստանալու համար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ԱԺ-ի առջեւ տարեկան հաշվետվությամբ հանդես գալուն: Գեւորգ Կոստանյանն ասել էր, որ դեմ չէ, եւ մի շարք պատգամավորներ նախաձեռնել էին ԱԺ կանոնակարգ-օրենքում այս փոփոխությունը:

_MG_4892

Օրենքի նախագիծը, սակայն, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում բուռն քննարկումների էր արժանացել: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել մի շարք պատգամավորների, որոնց թվում էին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ, այդ թվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ներկայացրած օրինագծին: Այդ ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանն ասել էր, որ գլխավոր դատախազի պաշտոնը քաղաքական չէ, գլխավոր դատախազությունը կառավարության մաս չէ, որ դատախազը հաշվետվություն ներկայացնի: Օրինագծի հեղինակները հիշեցրել էին Մարդու իրավունքների պաշտպանի օրինակը, որը նույնպես քաղաքական մարմին չէ, սակայն հաշվետվություն է ներկայացնում:

Այսօր էլ հարցի քննարկումը բավականին բուռն էր: Հարցը ներկայացրեց ՀՀԿ խմբակցությունից Հովհաննես Սահակյանը, ում ընթերցած տարբերակը ԱԺ պատգամավորներին տարբեր թվաց՝ պետաիրավական հանձնաժողովում քննարկած տարբերակից: ՀԱԿ խմբակցության եւ նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը նույնիսկ հետաքրքրվեց՝ վերջնական տարբերակը վերջնակա՞ն է:

MHM84928

Պարզվեց, որ՝ ոչ, դեռ անելիքներ կան, սակայն Հովհաննես Սահակյանն ասաց, որ օրինագծի հեղինակների հետ այս տարբերակը համաձայնեցրած է: Հարակից զեկուցմամբ հանդես եկող Լեւոն Մարտիրոսյանը տեղյակ չէր այս տարբերակից: Նա ասաց, որ հոգու խորքում համաձայն չի, բայց նաեւ դեմ չի այս տարբերակին: Նա ասաց, որ հանձնաժողովում կայացած բուռն քննարկումներից հետո հավանության արժանացավ Դավիթ Հարությունյանի առաջարկած տարբերակը, թեեւ կառավարության ներկայացուցիչը բացասական եզրակացություն էր տվել, չնայած այն բանին, որ գլխավոր դատախազը կողմ էր արտահայտվել այս փոփոխությանը:

ԲՀԿ խմբակցությունից Էլինար Վարդանյանը, որը նույնպես պետաիրավական հանձնաժողովի անդամ է, զարմացած հարցրեց՝ հիմա ո՞ր տարբերակը ընդունենք որպես դրական եզրակացություն ստացած: Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ  հանձնաժողովում քննարկվել է առաջին տարբերակը եւ հավանություն է տրվել դրան, բայց հիմա քննարկվում է երկրորդը, որի մասին ինքը չգիտի՝ հավանություն ունի՞, թե չէ:

Ակնհայտորեն այս հարցում ՀՀԿ երկու պատգամավորները՝ Հովհաննես Սահակյանն ու Լեւոն Մարտիրոսյանը հակառակ կարծիքներ ունեին: Հովհաննես Սահակյանը ասաց, որ գլխավոր դատախազի ելույթի համար չի լինելու գլխադասային հանձնաժողով, ուղղակի դատախազը գալու է մեկ ժամ ելույթ է ունենալու, պատասխանելու է հարցերին, լսելու է ելույթներ եւ նրա հաղորդումն ընդունվելու է  ի գիտություն: Լեւոն Մարտիրոսյանը չէր հասկանում, թե ինչո՞ւ պիտի գլխավոր դատախազի հաղորդումն ընդունվի «ի գիտություն»: Նա կարծում էր, որ Ազգային ժողովը, որպես մի մարմին, որը հաստատել է գլխավոր դատախազին իր պաշտոնում, պետք է որեւէ ձեւով արտահայտի իր վերաբերմունքն այդ զեկույցի հանդեպ, լինի որեւէ քվեարկություն: Նա անգամ օրինակ բերեց, որ Ազգային ժողովը կարող է նախագահին իմպիչմենտ հայտարարել, կառավարությանն անվստահություն հայտնել, չընդունել Վերահսկիչ պալատի, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ այլ հաշվետու մարմինների զեկույցները, սակայն գլխավոր դատախազի վրա որեւէ լծակ չունենա՞: «Ի՞նչ է նշանակում՝ հաղորդումն ընդունել ի գիտություն, հենա թող գնա մամուլի ասուլիս տա, լրագրողներն ավելի սուր հարցեր կտան: Ազգային ժողովը պետք է որեւէ քվեարկությամբ ավարտի այդ զեկույցը: Եթե մենք չենք կարողանալու այդ զեկույցին վերաբերմունք արտահայտել՝ ես չեմ ասում դեմ եմ, բայց կողմ էլ չեմ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, ով, ի դեպ, Գեւորգ Կոստանյանին պաշտոնում հաստատելու ժամանակ շատ դրական էր արտահայտվել վերջինիս մասին:

Ի դեպ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարարն էր ներկա, ոչ թե՝ փոխնախարարը, եւ նա ասաց, որ կառավարությունն արդեն դրական եզրակացություն է տվել: Նախարարն ասաց, որ բացասական եզրակացությունը տրված էր երկու հարցերի առնչությամբ՝ հաշվետվության տպագրությանն էին դեմ եւ չէին ուզում, որ լինի գլխադասային հանձնաժողով, հարակից զեկուցող, իսկ այս տարբերակով, երբ ուղղակի գլխավոր դատախազի հաղորդումն ընդունվելու է ի գիտություն, եւ այն ուղարկվելու է բոլոր խմբակցություններին ու բոլոր պատգամավորներին եւ դատախազից բացի չի լինելու հարակից զեկուցող, իրենք խնդիր չունեն: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ այն փաստը, որ Ազգային ժողովն է որեւէ մեկին նշանակում պաշտոնի, չի նշանակում, որ, անպայման, այդ մեկը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովի առջեւ եւ օրինակ բերեց Սահմանադրական դատարանի անդամներին, որոնց ԱԺ-ն նշանակում է, սակայն իրավունք չունի որեւէ ձեւով խառնվել վերջիններիս աշխատանքին:

Հովիկ Աբրահամյանը, ի դեպ, այս ներքին հակադրումների ընթացքում հասցրեց մի ռեպլիկ անել՝ «նոր հավերը երկաթի ձվեր են ուզում ածել, ըմբռնումով մոտեցեք», որին ի պատասխան տարբեր մոտեցումներով հանդես եկողները խորհրդավոր ժպտացին՝ յուրաքանչյուրը հակառակ կարծիք ունեցողին «նոր հավի» տեղ դնելով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728