Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի մայր. «Սա զինվորի մահ է, անմեղ արյուն է թափվել»

Փետրվար 06,2014 22:06

Փետրվարի 6-ին կայացավ Նոյեմբերյանի զորամասում  2013թ. մայիսի 15-ին  ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ:  Նիստին, նախկինի նման, բացակայում էր գործով տուժող, զինծառայող Դավիթ Խաչատրյանի արձակած մենահատ կրակոցից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանը: Քրեական գործով մեղադրող, Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը դատավոր Զոյա Զաքինյանին ասաց, որ պետք է ապահովել  հաջորդ դատական նիստին Հ. Սարգսյանի մասնակցությունը: Դատակոչված վկաների մի մասը դատարան չէր ներկայացել, ինչի պատճառով նիստն ավարտվեց՝ տեւելով երկուսուկես ժամ: Մեղադրող Ա.  Զաքարյանը դատավորին ասաց, որ ժամկետային ծառայությունն արդեն ավարտած, դատակոչված 8 վկաներից միայն մեկն է  ներկայացել, որ դատարանը պետք է նրանց հաջորդ դատական նիստին բերման ենթարկելու որոշում կայացնի:

IMG_0136

Դատական նիստին ներկա էին Լյուքս Ստեփանյանի բազմաթիվ  համագյուղացիներ  ու հարազատներ`Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի   բնակիչները: Դահլիճը լեփլեցուն էր, ոմանք այդպես էլ հնարավորություն չունեցան դատարանի դահլիճ մտնելու: Նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեցին  ժամկետային զինծառայողներ Միշա Ջանազյանը, Սարգիս Վարդանյանը, Արամ Սողոմոնյանը, Կարապետ Դոլմաջյանը, Վահան Դավթյանը, դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ  Խոդելյանը եւ ժամկետային ծառայությունն  ավարտած Գեւորգ Հարությունյանը: Միշա Ջանազյանն ասաց, որ ինքը լվացվելիս  է եղել, տեսնելով ինքնաձիգը դեպի ծխարան պահած Դավիթ Խաչատրյանին, ասել է՝  չկրակես, քայլ է կատարել դեպի նա, որպեսզի զենքը ձեռքից վերցնի, սակայն չի հասցրել, կրակոցն արձակվել է: Վկա զինծառայողները ցուցմունք տալիս վատ էին զգում` վերհիշելով  դեպքի մանրամասները: Որոշ դեպքերում  դատարանում տված ցուցմունքներից զատ ընթերցվեցին վկաների նախաքննական ցուցմունքներից հատվածներ: Վկաները դատարանում ցուցմունքներ  տվեցին, որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի եւ  Լլուքս Ստեփանյանի հարաբերությունները  մինչեւ  այդ  դեպքը նորմալ են եղել:

Նիստի ընթացքում  վիճաբանություն եղավ մի կողմից  Լյուքս Ստեփանյանի  հոր` Իշխան Ստեփանյանի, Լյուքսի հորեղբոր` Մուրադ Մուրադյանի, Լյուքսի մոր` Լուիզա Ստեփանյանի եւ մյուս կողմից ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի միջեւ:  Դատավոր Զոյա Զաքինյանը  Երեմ Սարգսյանի հետ վիճաբանելու համար դատարանից դուրս հրավիրեց Մուրադ Մուրադյանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը  խնդրեց Լյուքս Ստեփանյանի հորը՝ Իշխանին եւս  դահլիճից դուրս հրավիրել: Սակայն Իշխան Ստեփանյանը այդ պահին ինքն էր  դուրս եկել դահլիճից:  Երեմ Սարգսյանը դատավորից 10 րոպե ընդմիջում խնդրեց:  Ընդմիջումից հետո մեղադրող Ա. Զաքարյանն ասաց, որ ինքը խոսել է Մուրադ Մուրադյանի հետ, նա այսուհետ դատարանում իրեն հանգիստ կպահի, եւ վերջինս մասնակցեց նիստին: Ընդմիջման ժամանակ  Լուիզա Ստեփանյանը  հուզված  զրույցի էր բռնվել Երեմ Սարգսյանի հետ:  Լուիզա Ստեփանյանը  ասաց.  « Սա զինվորի  մահ է,անմեղ  արյուն  է թափվել»:

Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 12-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728