«Ես նաեւ դահլիճում նայում եմ մարդկանց դեմքերին, այդ թվում նաեւ ՀՀԿ-ականների դեմքերին ու տեսնում եմ, որ ՀՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ շատ լավ գիտակցում են, թե սա ինչ համաձայնագիր էր, ինչ երկարաժամկետ կախվածությունների մեջ է գցում մեր երկիրը եւ ինչպես է զրկում մեր երկիրը`հետագայում նոր էներգետիկ ոլորտի նոր զարգացման հնարավորություններից»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեր այն հարցին, թե ի՞նչ է մտածում ՀՀԿ-ական այն պատգամավորների մասին, ովքեր «ձեռնպահ» էին քվեարկել կամ չէին քվեարկել «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականներ Արթուր Գևորգյանը, Գարեգին Նուշիկյանը և Լևոն Մարտիրոսյանը «ձեռնպահ» են քվեարկել, իսկ Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Շուշան Պետրոսյանը և Սպարտակ Մելիքյանը չեն քվեարկել։ «Այդպե՛ս եմ հարմար գտել և ձեռնպահ եմ քվեարկել։ Ես իմ կարծիքն արտահայտեցի, և ոչ բոլորն են դեմ արտահայտվել։ Ինձ համար անհասկանալի է սահմանից այս կողմ, մինչև սպառող հասնող գազի գնային տարբերությունը։ Ինձ համար դա անհասկանալի է և անընդունելի»,- այսօր 7or.am-ի տված հարցազրույցում ասել է Գարեգին Նուշիկյանը։
Տիկին Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ում էլ կան Հայաստանի անկախությամբ ու պետության ապագայով մտահոգ մարդիկ ու դրանք իշխանության մեջ ավելի շատ են, քան նրանք, ովքեր կոճակ են սեղմում: «Քվեարկությունը ցույց տվեց, որ առնվազն երեք պատգամավոր իրենց մեջ քաջություն գտան`«կողմ» չքվեարկելու, գոնե «ձեռնպահ» մնացին: Ես ողջունում եմ, որ նրանք չեն ցանկանում այդ պատասխանատվությունը կիսել: Հույս ունեմ, որ նրանց քանակը օր-օրի կավելանա եւ մոտ ապագայում խորհրդարանում նոր իրավիճակ կստեղծվի»,- ասաց տիկին Սարգսյանը`չբացառելով, որ ՀՀԿ-ում կփորձեն կարգի հրավիրել «կարգազանցներին», միաժամանակ հույս հայտնելով, որ այդ մարդիկ կկարողանան իրենց եսը պահպանել:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս են պատժելու իրենց այն կուսակիցներին, ովքեր չենթարկվեցին խմբակցության որոշմանը`դեմ քվեարկել «գազի հարցով» հանձնաժողովի ստեղծմանը, նախ ասաց, որ իրենց գործընկերներից ոմանք, մասնավորաբար Լեւոն Մարտիրոսյանը եւ Արթուր Գեւորգյանը տեղից ուղղել են`ասելով, որ իրենք մեծամասնության որոշմանն են ենթարկվել: Հնարավոր պատիժների մասին էլ, ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Մեզ մոտ կուսակցական տույժեր չեն լինում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ