Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում ներկա լինել Սոչիի օլիմպիական խաղերին, և այդ որոշումը փոփոխության ենթակա չէ, հայտնել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի»-ի տարածած լուրերը, թե հնարավոր է, որ Վրաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպեն Սոչիում: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» թերթը:
«Նախագահ Պուտինի մամուլի խոսնակի հայտարարությունը տարօրինակ է: Չգիտեմ, որտեղից է այդ ամենը դուրս գալիս: Պարզ է մի բան, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները չեն լինի Սոչիի օլիմպիական խաղերում: Այս որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Դրանից ելնելով՝ այստեղ ոչ մի փոփոխություն չի ակնկալվում», – հայտնել է Աբաշիձեն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի մամուլի խոսնակ Տինատին Մժավանաձեն՝ նշելով, որ Վրաստանի նախագահը չի այցելի Սոչի:
«Այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում: Նախագահի աշխատակազմ ոչ մի հրավեր չի եկել և, հետևաբար, երկրի առաջին դեմքի այցը չի նախատեսվում», – ասել է Մժավանաձեն:
Կարդացեք նաև
Այս առիթով հայտարարություն է տարածել նաև Վրաստանի ԱԳՆ-ն՝ վստահեցնելով, որ իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը Սոչի չի գնալու:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ հնարավոր է երկու երկրների ղեկավարները հանդիպեն Սոչիում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ