ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հաղորդագրություն են տարածել, որում ընդգծել են բանակցությունները բարձր մակարդակով շարունակելու կարևորությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ին այցելել են Բաքու և Երևան։
Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու մայրաքաղաքներում նրանք խորհրդակցություններ են ունեցել երկու կողմերի արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ։
Նախագահների հետ համանախագահները քննարկել են արտգործնախարարների վերջին հանդիպումը Փարիզում և ընդգծել են հետագա բանակցությունների կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առումով։ Նրանք ընդգծել են բանակցությունները բարձր մակարդակով շարունակելու կարևորությունը, ինչպես համաձայնեցվել էր Վիեննայում։
Կարդացեք նաև
Բանակցություններում համանախագահներն իրենց խոր անհանգստություն են հայտնել՝ շփման գծում և սահմանին իրավիճակի սրման հետ կապված և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ։
Կողմերն ընդգծել են իրենց մտադրությունը՝ պահպանել հրադադարը և խուսափել հետագա լարվածությունից՝ մասնավորապես հաշվի առնելով Սոչիի Օլիմպիական խաղերը։
Համանախագահները առաջիկա շաբաթներին շարունակելու են բանակցությունները կողմերի հետ՝ բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով»։
Թարգմանությունը՝ civilnet.am-ի