Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնություն ու անկառավարելի իրավիճակ Շիրակի դատարանում. (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 20:24

Այսօր  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  ժամը 15.30-ին նշանակված էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, որը երեկ չէր կայացել ամբաստանյալ  Հարություն Սարգսյանի վատառողջ լինելու պատճառով: Այսօր փոքր -ինչ ուշացումով, սակայն ամբաստանյալին բերեցին դատարան: Ու քանի որ դատախազ Արմեն Մարուքյանը հանդես էր գալու մեղադրական ճառով` պատժաչափ պահանջելով Հարություն Սարգսյանի համար, այսօր մի տեսակ լարված էին թե դատարանի կարգադրիչները և թե ամբաստանյալին ուղեկցող ոստիկանները, որոնք անչափ շատ  էին իրենց թվաքանակով:

Դատարան ներս մտնելով ` ամբաստանյալը հայտարարեց, որ թյուր կարծիք է ստեղծվել իր մասին, թե ինքը հիվանդ է ձևանում, որպեսզի արհեստականորեն  հետաձգել տա դատական նիստը: Ամբաստանյալը նշեց, որ ինքը հիմա  էլ բարձր ջերմություն ունի, բայց ուժերը հավաքել է, որպեսզի գա դատարան: Այնուհետ նրա փաստաբան Հունան Բաբայանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքներն այն մասին, որ ամբաստանյալը իրոք  բարձր ջերմություն ու բարձր ճնշում է ունեցել:

IMG_0978

Այս ամենից հետո դատախազը սկսեց մեղադրական  ճառը` բավական մանրակրկիտ, դրվագ առ դրվագ վերարտադրելով բոլոր վկաների ցուցմունքները, ավտոլվացման կետում տեսախցիկների ֆիքսած կադրերը :Եվ մինչ նա  իր փաստերն էր ներկայացնում, թե ինչու է սպանության մեջ մեղավոր ճանաչում Հարություն Սարգսյանին, ամբաստանյալի վիճակը վատացավ.նրա փաստաբանը 5 րոպե ընդմիջում խնդրեց:

Դրանից հետո դատախազը  շարունակեց իր խոսքը` ասելով, որ խանդի հողի վրա սպանություն կարող էր լինել, հատկապես որ Հարություն Սարգսյանը «ագրեսիվ, բռնկվող, քինախնդիր անձ է» և որ նրա նախկին ընկերուհիները ցուցմունք են տվել`ասելով, որ Հարությունը պատրաստ էր իրենց «գյուլել»,  եթե այլ տղամարդ հայտնվի կողքերին: Դատախազի այս անգամվա խոսքն էլ մնաց բերանում, ամբաստանյալը դարձյալ վատացավ ու փաստաբանը դարձյալ 5 րոպե ընդմիջում խնդրեց:

IMG_0982

Այնուհետ դատավոր Մարտին Սարոյանը  դատարան հրավիրեց  շտապօգնության բժշկին, քիչ անց նորից դատարան բերեցին Հարություն Սարգսյանին: Դատախազ Մարուքյանը, ի նկատի ունենալով, որ աշխատանքային  ժամն ավարտվում է, և ամբաստանյալի վիճակն էլ վատ է, փորձեց կարճ ներկայացնել իր խոսքը: Նա  միջնորդեց Հարություն Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ  Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 188 հոդվածի 1 մասով:Առաջին հոդվածով պահանջեց 14 տարի ազատազրկում, իսկ երկրորդ հոդվածով 2 տարի  և որպես վերջնական պատիժ` պահանջեց 15 տարի ազատազրկում:

Դատախազի ելույթի ընթացքում Հարություն Սարգսյանը պարբերաբար վրդովվում էր, հատկապես երբ խոսք գնաց իր ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մասին: «Հարգելի դատարան, ինչո՞ւ է ասում դատախազը, թե  ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն  ծավալելու համար ես իմ մեղքը ընդունում եմ: Չեմ ընդունում, լավ եմ արել, ոչ թե 3 մեքենա եմ Հայաստան ներկրել, այլ 1003-ը ու հենց ազատվեցի նորից եմ ներկրելու, ավտոլվացման կետ էլ եմ  բացելու, ի՞նչ կապ ունի դա սպանության հետ, թող այդ հարցով հարկայինը զբաղվի», -վրդովվեց Հարություն Սարգսյանը:

Իսկ երբ դատախազն անցավ սպանության հոդվածին, ամբաստանյալը դարձավ նյարդային, անկառավարելի,  դատախազին ասաց, որ դուք ձեր այս պահանջով թաքցնում եք իրական մարդասպանին ու թաքցնելով հանցագործին,  դուք հանցագործություն եք գործում: Դատավորն այլևս անկարող էր  կառավարել իրավիճակը:

Կրքերը ավելի լարվեցին, երբ ելույթ ունեցավ  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը: Վերջինս իր խոսքը համեմել էր Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններով, սա ավելի զայրացրեց Հարություն Սարգսյանի հարազատներին, ամբաստանյալի հայրը դատավորին առաջարկեց մի 14 տարի էլ իր կողմից տալ, այնուհետ վիճաբանություն սկսվեց Արմեն Մելքոնյանի ու ամբաստանյալի հոր միջև: Կարգադրիչները, կանգնելով վերջիններս մեջտեղում, փորձում էին հանգստացնել երկու կողմերին էլ: Նրանց մի կերպ  դուրս հանեցին  դատարանի շենքից:  Դատը նշանակվեց  փետրվարի 26-ը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ, դատավարությանը ներկա անձ says:

    Մեզ հետաքրքիր չէ, թե ով Թումանյանից է մեջբերում, ով՝մայլի բառապաշարով խոսում: Ներկայացրեք մեղադրական եզրակացության կետերը հատ առ հատ, որ մարդիկ իմանան , թե ով է գայլի դեմքով այդ հիվանդ գառը, գրեք նաև, որ ամբաստանյալը, գիտակցելով , որ եկել է հատուցման ժամը, մի քանի անգամ զուգարան վազեց, հայտնի վերգոյինման, դուք ներկա էինք, դուք էլ դա տեսաք, գրեք, թե որտեղ և ինչ պայմաննրեւոմ էր հանցանքը կատարել ամբաստանյալը, որի ընտանիքի անդամները քաղաքում ու մոլորակի վրա էլ մարդ չմնաց, որ մեղավոր չդարձնեին, ում անունը ասես չպախարակեցին, իսկ հարութի հոր մշակած սցենարը այս անգամ չաշխատեց, աշխատեց այն մասով, որ դեռևս թաքցրեցին հարութի հանցակիցներին, բայց ոչինչ, դա էլ կբացահայտվի ու աշխարհը կտեսնի, թե ինչ սառնասիրտ մարդիկ են այդ ընտանիքի բոլոր անդամները, ովքեր մարդասպանությունը, մարդ, հասկանում եք մարդ սպանողսները,նրանց համար դա սովորական մի արհեստ է, էն էլ Կարենի պես տղու սպանությունը պոռտից պոռտ անեծքի է կարժանացնի էդ ցեղը: Թող մարդկանց չթվա, որ մոռացվել են բոլոր այն ցուցմունքները, որոնցում հստակ երևում էր,te էդ հարութը ինչպես էր հետապնդում Կարենին, ինչպես էր հետաքրքրվում, թե երբ է գալու ավտոլվացման կետ Կարենը, թե ինչու մեղադրյալի ոտքի տակի հողը հանցանքի վայրի հողն է և շատ այլ դրվագներ, որոնք հարութի մոր ճվճվոցներով փորձ արվեց մոռացության տալ: Ես դատական պրոցեսի ներկա գտնվողներից մեկն եմ և շատ կցանկանայի, որ լրատվամիջոցները և լրագրողները ճիշտը ներկայացնեինք, cavoq ականատես չեղա դատական պրոցեսի ժամանակ, որ լրատվամիջոցները իրենց ազատությունն ու անկախությունը իրացնեին՝պրոցեսը ներկայացնելիս, բայց ինչքան գիտեմ լրագրողները իրավունք չունեն կիսատ ներկայացնել իրողությունը, մեկի զրպարտությունը լեն բոլ ներկայացնեն, իսկ դատական պրոցեսի բուն նյութերը , մակերեսորեն: Չի կարելի չէ դա անել: Սպասենք փետրվարի 26-ին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728