Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Դավիթ Թորոսյանին չեն ազատել, նա ինքն է հեռացել հավաքականից»

Փետրվար 06,2014 18:02

Հունվարին բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ Aravot.am-ը ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ զրույցում խոսել էր նաեւ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի մասնագիտական գործունեության հետ ժամանակին առնչված երկու հարցի շուրջ:

– Պարոն Գեւորգյան: Դուք  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել եք Մոնրեալի օլիմպիական խաղերի եւ 1974 թ. Հավանայում անցկացված աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանին:

– Այո: Եվ կարծում եմ, որ նա կարող է շատ օգտակար լինել թիմին:

– Բայց Դավիթ Թորոսյանը ժամանակին արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը եւ ըստ շրջանառվող լուրերի, նրա օրոք արդյունքներ չեղան, ինչի համար ազատել են:

– Ճշտեմ: Ոչ թե արդյունքներ չեղան ու այդ պատճառով ազատեցին, այլ նա հեռացավ: Դավիթ Թորոսյանը, ինչպես անվանի մարզիկներից շատերը, բնավորություն ունի: Այն ժամանակ իշխանությունները Դավիթ Թորոսյանի համար չստեղծեցին պայմաններ, որպեսզի շարունակեր աշխատել: Եվ քանի որ նա այդ պաշտոնին կառչած չէր, ինչպես ասում են, թքեց ու գնաց, ԱՄՆ-ում փորձեց իր մասնագիտական ունակությունները եւ ավելի հզոր փորձ ձեռք բերեց: Եթե մասնագետն իրենից ինչ-որ բան ներկայացնում է, նա որոշ դեպքերում եւ թելադրում է, եւ իր բնավորությունն է ցույց տալիս: Չնայած դժվար է, ես ուզում եմ աշխատել այդպիսի մասնագետների հետ: Եվ կարծում եմ, նա գործող բռնցամարտիկներին շատ բան ունի փոխանցելու:

– Նաեւ այն կարծիքն է տարածված, թե Դավիթ Թորոսյանն այն տարիներին մեր հավաքականի լավագույն բռնցքամարտիկներին համոզում, տանում էր պրոֆեսիոնալ ռինգ:

– Ձեր նշած լավ բռնցքամարտիկներից մեկն էլ, թող անհամեստ չթվա, ես եմ եղել, որ ուժերը փորձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Բայց ինձ ոչ թե Դավիթ Թորոսյանն է համոզել, այլ, լինելով թիմի ավագն ու արդեն բավականաչափ կայացած մարզիկ, ես եմ նրան խնդրել: Եվ բավականին հաջողություններ ունեցել եմ: Արդեն 27 տարեկան էի, իսկ սպորտում մարզիկի կյանքը շատ արագ է անցնում: Սիրողական սպորտում, բացի քո երկրի պատվից ու անձնական արժանապատվությունից, ուրիշ բան չէիր կարող ունենալ: Այդ ճանապարհը ես արդեն անցել էի եւ գնացի պրոֆեսիոնալ ռինգ: Ինձ հաջողվեց բավականաչափ գումար վաստակել: Կարծում եմ, որ վատ բան չեմ արել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728