Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն ասում է` չեք ուզում, մի’ վճարեք, բայց էլեկտրոնային հաշվետվության ձեւը չի փոխում

Փետրվար 06,2014 17:29

Սահմանադրական դատարանի` (ՍԴ) Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կիրառումը կասեցնելու վերաբերյալ որոշումը գլխացավանքի մեջ է գցել հաշվապահներին: Մի կողմից ՍԴ-ի որոշումը թույլ է տալիս, որպեսզի գործատուներն առայժմ չվճարեն պարտադիր սոցվճարը, մյուս կողմից՝ ընկերության հաշվապահները հաշվետվությունները հարկային մարմնին ներկայացնելիս չեն կարող սոցվճարի մասը չընդգրկել հարկային վճարումների մեջ:

Արդեն մեկ տարուց ավելի է հաշվետվությունները հարկային մարմինը պահանջում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այդ պարագայում բոլոր գործողությունները կատարվում են համակարգչային ծրագրի միջոցով եւ ծրագիրը ավտոմատ կերպով հաշվում է եկամտահարկը եւ սոցվճարը: Այս համակարգին մարդու միջամտությունը բացառված է եւ մեծ ցանկության դեպքում նույնիսկ ոչ մի գործատու չի կարող այնպես անել, որ գործողություններից մեկը չկատարվի: Թերի, նույնիսկ մի թվի սխալով հաշվետվությունները համակարգը սխալ է դիտարկում եւ չի ընդունում:
Արդեն քանի օր է՝ Aravot.am–ը մի շարք գործատուներից այս առնչությամբ դժգոհություններ է ստանում: Նրանց խոսքերով, որքան էլ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ինքը չի ստիպում գործատուներին պարտադիր սոցվճարները կատարել, եւ չկատարելու դեպքում էլ գործատուն տույժ ու տուգանքի չի ենթարկվի, միեւնույն է` «ՊԵԿ-ի ներդրած համակարգն այնպիսին է, որ գործատուն չի կարող չվճարել»,- վստահեցնում են գործատուները:

Նրանց խոսքերով, գործատուներն արդեն տարաձայնություններ ունեն իրենց աշխատակիցների հետ, որոնք, վկայակոչելով ՍԴ որոշումը, գործատուից պահանջում են աշխատավարձից պահումներ չանել:

Նշենք, որ փետրվարի 4-ին Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված էր. «……Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն, նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչեւ 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»:
Սակայն հաղորդագրության մեջ ոչ մի տող չկար այն մասին, թե գործատուն ինչպե՞ս անի, կամ ինչպե՞ս ներկայացնի հաշվետվությունը, որ պարտադիր կուտակային վճարները չփոխանցի` մինչեւ որ ՍԴ-ն այդ հարցի վերաբերյալ մարտին վերջնական որոշում կայացնի:

Aravot.am–ն այսօր մի շարք գործատուներին հուզող հարցը գրավոր փոխանցեց Պետական եկամուտների կոմիտեին, որտեղից խոստացան պարզաբանում ներկայացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728