«ՀՀ-Եվրամիություն հարաբերություններում իրավիճակը շարունակվում է անորոշ մնալ: Օրակարգից դուրս է Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին հարցը»,-այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում հայտարարեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
Նա փաստեց, որ չկա պայմանագրային իրավական բազա, որի ձևավորման համար Հայաստանի կողմից ծանր և լուրջ աշխատանք պետք է կատարվի, մանավանդ հիմա Եվրամիությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա: Բորիս Նավասարդյանը շեշտեց. «Մերոնք, չգիտենք` ինչքանով ենք ազատ և ինչքանով դա չի զայրացնի Ռուսաստանին, Եվրոպայում էլ չգիտեն, թե ինչի է պատրաստ Հայաստանը»:
Ըստ Բորիս Նավասարդյանի` առաջին հերթին պետք է իշխանությունները գիտակցեն, որ իրենց կողմից վստահություն առաջացնող բարեփոխումների նկատմամբ շահագրգռվածությունն ապացուցող միակ քայլը կարող է լինել անկախ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության երկխոսությունը:
Պարոն Նավասարդյանը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի նիստին և այն կարծիքին է, որ Բրյուսելում բավականին հստակ ու համարժեք պատկերացում կա` ինչ է Ուկրաինայում կատարվում: Այս մասին Բորիս Նավասարդյանն ասաց հետևյալը. «Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիության պաշտոնյաները, ի տարբերություն Հայաստանի, բավականին հաճախ են այցելում Ուկրաինա: ԵՄ-ում հասկանում են, թե Մայդանում ով է թելադրում ամեն ինչ: Ուկրաինայի բողոքային շարժումը բազմաշերտ է, բայց առաջնային դերակատարությունն այնտեղ ունեն ոչ թե ծայրահեղ ազգայնականները, ոչ թե քաղաքական ընդդիմությունը, այլ ակտիվ քաղաքացիները»:
Կարդացեք նաև
Պարոն Նավասարդյանը տարբերություններ է տեսնում 2004, 2005 թվականի, նոյեմբերի մայդանների և այսօրվա Մայդանի միջև: Նա այս առիթով ասաց. «Հիմնական տարբերությունն այն է, որ նոյեմբերին բողոքի դուրս եկան հիմնականում այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Ասոցացման համաձայնագիրը: Այսօր օրակարգը շատ ավելի խորն է: Դա ենթադրում է պաշտպանություն Ուկրաինայի քաղաքացիներին: Որոշակի վստահություն կա այդ շարժման նկատմամբ, կա հստակ ցանկություն օգնել դուրս գալ այդ ճգնաժամից, քանի որ եթե Ուկրաինայում այդպես շարունակվի, երկիրը բանկրոտ կլինի»:
Բորիս Նավասարդյանը ելքի երկու տարբերակ է տեսնում. «Մեկը ռադիկալ որոշումն է, որ որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացվեն, որը հնարավորություն կտա ձևավորել լեգիտիմ իշխանություն և խնդիրների լուծման պատասխանատվություն ստանձնեն: Երկրորդ տարբերակը այն է, որ հայտարարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Սահմանադրությունը փոխվի, վերադարձ կատարվի 2004-ի իրավիճակին, որով նախագահն ավելի քիչ լիազորություններ ուներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ