«Որոտանի հիդրոէլեկտրակայանի գործարքը մեզ համար հաջողված գործարք է»,-այսօր անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքին ամերիկյան կազմակերպություններին` այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Շարունակելով՝ նա ասաց. «Հիդրոէլեկտրակայանը 40 տարվա պատմություն ունի և պետք էին ֆինանսական ներդրումներ: 70 միլիոն ներդրում է կատարվելու արդիականացման աշխատանքների համար, այնպես որ, շահավետ գործարք է տեղի ունեցել մեր բոլորիս համար»:
Նշված դիտարկումների վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, թե նմանատիպ ձեռնարկությունները և ոլորտները ընդհանրապես սեփականաշնորհման ենթակա չեն, քանի որ «դրանք ոսկե ձվեր ածող օբյեկտներ են» ու մանրամասնեց. «Ցանցեր, խողովակներ, էլեկտրաէներգիայի հետ կապված ցանցեր, հէկեր, դրանք այնպիսի օբյեկտներ են, որ բավականին մեծ հարստություն կարող են տալ Հայաստանին: Իսկ այն դիտարկումները, թե ՀԷԿ-ը ներդրումների կարիք ուներ, անհիմն եմ համարում, քանի որ պետությունը բազմամիլիոնանոց վարկեր է վերցնում, յուրացնում, թող դրանց մի մասը ներդնեին իրական ձեռնարկությունների մոդեռնիզացիայի, վերանորոգման վրա, որ նման խնդիր չլիներ»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` «մենք քանի հիսուն միլիոններ ենք վերցրել, ուղղակի մսխում ենք բյուջեի ատկատներով ու ստվերային տնտեսությամբ»:
Այնուհետև «Ժառանգության» փոխնախագահը շեշտեց. «Նմանատիպ ոլորտները, որոնք միանշանակ երաշխիք են, եկամուտ են բերում իշխանությունը պահելու, թալանի համար, նվիրվում են այս կամ այն պետությանը: Որոտանի ՀԷԿ-ը ամենացածր ինքնարժեքով հոսանքն է արտադրում, մենք այսօր օդից վերցված 38 դրամ ենք տալիս: Իսկ կարծո՞ւմ եք, ինչ եկամուտ կունենայինք, եթե ամբողջ ցանցը Հայաստանին պատկաներ: Իշխանության ներկայացուցիչ են, պիտի ասեն, որ մածունը սև է, կարմիր է, նարնջագույն է, բայց ոչ սպիտակ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ