Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որոտանից» մինչեւ ատոմակայան՝ ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրներն ԱԺ-ում

Փետրվար 06,2014 16:41

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան ծրագիրը լսելիս՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, որ հանդես եկավ որպես հարակից զեկուցող, ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ծրագրին:

Սակայն րոպեներ անց նույն Միքայել Մելքումյանը հանդես եկավ ոչ թե որպես հանձնաժողովի փոխնախագահ, այլ որպես ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ եւ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս ծրագրին:

Ամփոփիչ ելույթով հանդես եկած ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ չնայած իր աշխատանքին եւ թափած ահռելի ջանքերին, այստեղ, Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորը «վրես 8-15 տարվա հոդված դրեց»: Խոսքը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի մասին էր, որն իր ելույթում խիստ քննադատեց Որոտան ՀԷԿՀ-ի ուղղակի վաճառքը՝ առանց մասնավորեցման, եւ ասաց, որ այս վաճառքով պետությանն ու բյուջեին հսկայական վնաս է տրվել, քանի որ մասնավորեցման պարագայում այն համայնքները, որտեղ գտնվում է ՀԷԿՀ-ը, պիտի գումարներ ստանային, իսկ այսպես վնասարարություն է եղել, քանի որ քողարկված վաճառք է եղել, շինծու գործարք, իսկ վնասարարության համար 8-15 տարի է հասնում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից հանգստացրեց Ռոբերտ Նազարյանին, ասելով, որ Ազգային ժողովը նման լիազորություն չունի, ինչին ի պատասխան ՀԾԿՀ նախագահը ասաց՝ «բայց հարգարժան պատգամավորը վրես դրեց էդ հոդվածը»: Համընդհանուր ծիծաղի միջից լսվեց Արծվիկ Մինասյանի ձայնը, որով նա փարատում էր պարոն Նազարյանի մտահոգությունը՝ դա Ձեզ չէր վերաբերվում, Դուք էս գործում չկաք:

Պարոն Նազարյանը նաեւ Հրանտ Բագրատյանի՝ մինչ այդ ատոմակայանի վերաբացման մեջ իր ունեցած անգնահատելի դերի մասին հնչեցրած մտքին անդրադարձավ, ասելով՝ տարբեր առիթներով պարոն Բագրատյանն ասում է, որ ատոմակայանի վերաբացման հետ կապված ինքը մեծ նշանակություն է ունեցել, բայց դա թիմային աշխատանք է եղել՝ Դուք, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԷԿ տնօրեն Սուրեն Ազատյանը, էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, Ձեր խոնարհ ծառան՝ ես, ինչպես նաեւ մեծ լումա ուներ ատոմակայանի բազմահազարանոց կոլեկտիվը: Նա նաեւ ակնարկեց, որ ՀՀՇ-ն է փակել ատոմակայանը:

Այդ իսկ պատճառով վերջում խոսք խնդրեց Հրանտ Բագրատյանը՝ պարզաբանման համար եւ ասաց՝ այո, ես եմ եղել այն վարչապետը, որը դիմել է ՀՀ նախագահին եւ ասել, որ կառավարությունն ուզում է վերաբացել ատոմակայանը: Նա եւս ցանկացավ մի քանի այլ անուններ հնչեցնել, որպես այդ կարեւոր գործում մեծ լումա ունեցող դեմքեր՝ Միրոն Շիշմանյանը, Ֆրիդրիխ Առաքելյանը, Վիգեն Չիթեչյանը: Սակայն ամենակարեւորը, նա հիշեցրեց, որ ատոմակայանը փակվել է 1989թ., երբ դեռ Սովետական միությունն էր, եւ այն քաղաքական ուժը, որին ինքը պատկանում էր, միշտ էլ դեմ է եղել փակմանը՝ ՀՀՇ անդամներից շատերը բանտում էին. « Ճիշտ է, եղել են մեկ-երկու ճչացող մարդիկ, բայց մեր քաղաքական ուժը դեմ է եղել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728