Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Շարմազանովի գնահատականները միտված են նախագահների մակարդակով ապօրինի գործարքը օրինականացնելուն»

Փետրվար 06,2014 16:32

Aravot.am-ի հիշեցմանն ի պատասխան, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ գազային պայմանագրում կրիմինալ չկա, ժամանակը գա, ամեն ինչ կիմանանք եւ որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, այսինքն`գազի գինը ոչ թե 189, այլ`400-600 դոլար լինել, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց.  «Իրականում կա կրիմինալ, որովհետեւ այդ պարտքի մասին երբեւէ հասարակությանը չի տեղեկացվել, դրա մասին երբեք չի բարձրաձայնվել պետական վիճակագրություններում, համապատասխան պաշտոնական թղթերում, ընդունված բյուջեներում: Ակնհայտորեն  ՀՀ իշխանությունները սեփական հասարակությունից թաքցրել են պարտքի գոյությունը: Եվ ես հրաշալի գիտեմ, թե ինչու չեն թողնում ձեւավորվի ժամանակավոր հանձնաժողով այդ պարտքի գոյացման կապակցությամբ, որովհետեւ  պարտքի հանգամանքը ինքնին անկյունաքարային դեր ունի դեկտեմբերի երկուսին կնքված ու 23-ին ԱԺ-ում վավերացված  գազային պայմանագրերի համար: Ի վերջո, այն կազմված է նաեւ այս առանցքային խնդրի վրա, որի դիմաց «Գազպրոմին» հանձնվեց «ՀայՌուսգազարդի»  քսան տոկոս բաժնեմասը: Այսինքն` թույլ տալ, որ ապացուցվի այս պարտքի գոյության անհիմնավորվածությունը, նշանակում է թույլ տալ, որ խարխլվեն կնքված պայմանագրի հիմքերը: Հետևաբար` իշխանությունը անգամ ծիծաղաշարժ մեկնաբանություններով թույլ չէր տալու, որ ստեղծվեր այդ հանձնաժողովը»:

Ստեփան Սաֆարյանը նաեւ ասաց, որ ուզում է մի բանի վրա ուշադրություն հրավիրել: Նրա խոսքով`վերջին մեկ ու կես տարում Սերժ Սարգսյանը  երկու հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ եւ այդ երկու հանդիպումների ժամանակ էլ երկու նախագահներից ոչ մեկը չի հայտարարել, որ կա Հայաստանի պարտք` Ռուսաստանի «Գազպրոմ» ձեռնարկության առջեւ. «Նման բան չկար նրանց տարածած մամուլի հաղորդագրություններում, որեւէ ձեւով չի շոշափվել այս հարցը, թեկուզ ոչ պաշտոնական աղբյուրներում տեղեկատվություն չի տրվել այն մասին, որ Հայաստանը 300 միլիոն դոլարի պարտք ունի: Հետևաբար` գործարքը կրիմինալ է, քրեորեն հետապնդելի ու դրա ոչ թափանցիկությունը պայմանավորված է գործարքի քրեածին բնույթով ու արդյունքում իշխանությունը փրփուրներից է կախվում, ասելով, թե ամեն ինչ ավելի վատ կարող էր լինել եւ այլն: Հետևաբար` Էդուարդ Շարմազանովի գնահատականները հեռու են որեւէ կերպ իրականությունը արտացոլելուց եւ ընդամենը միտված են նախագահների մակարդակով ապօրինի գործարքը օրինականացնելուն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728