Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Քաղաքական իշխանության վակում ունենք»

Փետրվար 06,2014 15:47

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, որից վերադարձել էր օրերս: Նրա փոխանցմամբ` այդ կոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին երկու հոգի, ինքը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ստեփան Սաֆարյանի խոսքով`ցավալի է, որ Հայաստանի հետ կապված խնդիրները շոշափելու առումով նվազման միտումներ ունեն. «Հայաստանը մտնում է մի միության մեջ, որտեղ բոլորի շեֆը Ռուսաստանն է»:

Ստեփան Սաֆարյանը կոնֆերանսից մանրամասներ ներկայացնելով՝ ասաց. «Արեւելյան գործընկերությանը նվիրված քննարկման ժամանակ բանախոսներ նշանակված էին Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից եւ ոչ Հայաստանից, իսկ սա արդեն խոսուն փաստ է»:

Ուկրաինայի հետ կապված քննարկումների մասին էլ ասաց, որ ակնհայտ էր, որ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Արեւմուտքը զիջելու ցանկություն չունեն ու ըստ էության, եթե Արեւմուտքը պաշտպանում է Ուկրաինայի հասարակության ընտրությունը` մնալու անկախ եւ ունենալու ԵՄ-ի նման գործընկեր՝ ասոցացման պայմանագրի շրջանակներում, Ռուսաստանի պարագայում ամեն ինչ այլ է. «Համենայն դեպս, նկատելի էր, որ ամբողջ Արեւմուտքը լիակատար աջակցություն է հայտնում Ուկրաինայի հասարակությանը»:

Ստեփան Սաֆարյանը նաեւ ասաց, որ չափազանց ուշագրավ էին նաեւ Սիրիայի հետ կապված քննարկումները, որտեղ նկատելի էր խնդրի նկատմամբ հետաքրքրությունը, բայց կար լուծումների սակավություն:

Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, ապա Ստեփան Սաֆարյանը գտնում է` «Հայաստանում այս օրերի ամենակարեւոր իրադարձությունը կուտակային կենսաթոշակների դեմ քաղաքացիական պայքարն է, Հայաստանը կարծես թե իսպառ կտրված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, թեպետ դրանք էականորեն ազդում են Հայաստանի վրա: Նկատելի է, որ կուտակային կենսաթոշակների դեմ քաղաքացիական պայքարից բացի, կարծես թե որեւէ լուրջ բան տեղի չի ունենում: Այս ապատիայի վիճակում, երբ հասարակությունը իր մեծամասնության մեջ մի կողմ է քաշված, մյուս կողմից քաղաքացիական խմբերն են ակտիվ եւ մեկ այլ կողմից էլ քաղաքական ուժերն են փորձում հասնել քաղաքացիական նախաձեռնությունների հետեւից, մենք ունենք քաղաքական իշխանության վակում, որովհետեւ այն դերը, որ պետք է կատարեն քաղաքական ուժերը` չեն կատարում, քաղաքացիական խմբերն էլ չեն կարող նրանց այդ դերը կատարել ու հետեւաբար առաջիկայում ամենաուշագրավ խնդիրը կլինի այն, թե ով է զբաղեցնելու այս քաղաքական վակումը»:

Ստեփան Սաֆարյանը հավելեց, որ որքան էլ ավարտված ենք համարում ընտրությունների շրջանը, այնուամենայնիվ, արդեն իսկ մրցավազք է տեսանելի ու ոչ միայն իշխանության դաշտում է քննարկվում, թե ով կլինի իրավահաջորդը, ընդդիմությունը եւս պատրաստվում է դրան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728