Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն առաջարկում է վաճառել «կառավարության մեջի եղածը»՝ էժանով

Փետրվար 06,2014 15:27

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան ծրագրի վերաբերյալ իր ելույթը սկսեց ԱԺ դահլիճի ամբիոնից ճիշտ հայերենով խոսելու կոչ անելով: «Ես միշտ կռիվ եմ տալու, պայքարելու եմ բոլոր այն երեւույթների, մարդկանց, կառույցների նկատմամբ, ովքեր մեր անկախությունը ոտնահարելու են, այդ առումով ես օպոզիցիա չեմ, իշխանություն եմ»: Եվ մի քանի լեզվական սխալների օրինակներ բերեց՝ «ոչ թե նախագան, այլ նախագահը, ոչ թե գույքերը, այլ՝ գույքը, ոչ թե հրավերքները, այլ՝ հրավերքը»:

Ապա սկսեց խոսել Որոտան ՀԷԿՀ-ի վաճառքի մասին, ասելով, որ երեկ Լեւոն Զուրաբյանի հարցին տված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն պատասխանը , թե Որոտանի գույքն է վաճառվել, ոչ թե բաժնետոմսերը, նկատեց, որ այդ գույքն իրենից ներկայացնում է չորս խոշոր ջրամբար, չորս «ստրատեգիական օբյեկտ»:

Պարոն Մանուկյանը միտում էր տեսնում նրանում, որ խորհրդարանին շրջանցելով պետական գույք է մասնավորեցվում, խորամանկորեն ոչ թե բաժնետոմսերն են վաճառում, այլ գույքը: Նա նկատեց, որ մեկ օրվա ընթացքում երկու նախարարներ իրար հակադիր հայտարարություն արեցին. եթե Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել, այդ «Որոտանն» է իր ներքին գույքը վաճառել, ապա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ Որոտանի ՀԷԿՀ-ը արդեն հին է, քառասուն տարեկան է, ներդրումների կարիք ունի, դրա համար կառավարությունը որոշեց վաճառել այն:

Սա նկատի ունենալով՝ Արամ Մանուկյանը առաջարկեց վաճառել կառավարության մեջ եղած-չեղածը, երբ դահլիճից ռեպլիկ հնչեց, թե գնորդ չի լինի, նա ասաց՝ «էժան կտանք»: Հետո էլ, հիշելով Արմեն Մովսիսյանի ասածը, ասաց՝ «Արմեն Մովսիսյանն էլ ամենահին նախարարն է՝ 2001 թվից նախարար է, եթե հնությունը վաճառքի չափանիշ է…»:

Ապա անդրադարձավ նախարարների պահվածքին, ասելով, որ ԱԺ քաղաքական մեծամասնության թողտվությունն է պատճառը, որ նախարարներն իրենց շատ վատ են պահում, մոռանում են, որ Ազգային ժողովի պատգամավորները ժողովրդի կողմից ընտրված, առաջնային մանդատ ստացած մարդիկ են, իսկ կառավարությունում՝ վարձու աշխատողներ:

Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կրկին կոռեկտության մասին խոսեց, ասելով, որ «կոռեկտություն ակնկալելուց առաջ պետք է հարգալից լինել օպոնենտների նկատմամբ, քար նետողը պետք է իմանա, որ ավելի մեծ քար կարող է հետ նետվել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728