Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում վերջին երկու տասնամյակում շատացել են կրոնական կառույցները, որոնք, ըստ իրեն՝ իրենց գործունեությամբ համարվում են աղանդավորական:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Ամարյանը համոզմունք հայտնեց, որ այն վկայակոչումները, թե Հայաստանում անհանդուրժողականություն կա կրոնական կառույցների, աղանդների նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը. «Մեր երկրում չկա որևէ օրենք, որը կարող է հսկել կամ սահմանափակել կրոնական կառույցի գործունեությունը: Իսկ քանի որ չկա, նրանք չեն կարող ճնշվածի դերում լինել»,- ասաց բանախոսը:
Նա կարծում է, որ մեզանում «աղանդ» հասկացության թյուր ընկալում կա, որի պատճառը տեղեկատվության պակասն է. «Մեզանում, չգիտես ինչու, աղանդը հայհոյանք է, բայց ես այդպես չեմ կարծում: Աղանդը շեղումն է ավանդական եկեղեցու գաղափարախոսությունից: Տեսեք, մեր մտածելակերպի մեջ զարմանալիորեն ամուր նստած է այն գաղափարը, որ Հայ ավետարանական եկեղեցին մեր քույր եկեղեցին է, բայց նա չի կարող լինել քույր եկեղեցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1846 թվականից դուրս է եկել մեր հայկական առաքելական եկեղեցուց, իսկ եկեղեցուց դուրս եկածը համարվում է աղանդավորական կառույց: Ինչպես ուզում եք՝ անվանեք, բայց դա միանշանակ է»,- ասաց Ա. Ամարյանը և հավելեց, որ թեև այնտեղ կան որոշ հովիվներ և շարքային հավատացյալներ, որոնք իրենց գաղափարներով իսկապես մաքուր հավատացյալներ են, բայց այդ մարդկանց, այսօրվա դրությամբ, արտասահմանյան ներկայացուցիչներն օգտագործում են իրենց անձնական ֆինանսավորման և հասարակական զանգվածների կառավարման գործընթացում. «Այստեղ մեր պայքարը ոչ թե հասարակ հավատացյալների դեմ է (նրանք մեր ազգակիցներն են, և մենք նրանց դեմ պայքար չենք տանի), այլ այն կրոնական կառույցների, որոնց ղեկավարներն արտասահմանից են և կրոնական կառույցն օգտագործում են իրենց անձնական շահերի համար»,- պարզաբանեց Ա. Ամարյանը:
Նա դեմ չէ, որ յուրաքանչյուր մարդ ունի ազատ դավանանքի իրավունք, բայց նրա գործունեությունը չպետք է բերի մարդու իրավունքների ոտնահարման. «Հայաստանում, ցավոք, չկա աղանդ, կա քայքայիչ աղանդ: Վտանգը ոչ թե աղանդն է, այլ քայքայիչ աղանդը, որն իր գործունեությամբ փակ է, կիրառում է հոգեբանական ճնշումներ, հոգեորսություններ, և մենք պայքարում ենք այն ղեկավարների դեմ, որոնց գործունեությունը չի համապատասխանում հոգևոր դաշտի գործունեությանը, «մաքուր հավատք» հասկացությանը»,- ասաց Ա. Ամարյանը:
Կարդացեք նաև
Նա աղանդների ղեկավարների անուններ չի տալիս, որովհետև, ինչպես ինքն է ասում, դրանից տուժում են այնպիսի մարդիկ, որոնք չպետք է տուժեին. «2003թ. սկսեցինք մեր գործունեությունը, իսկ 2004-ին արդեն առաջին բացահայտումն արեցինք՝ ներքին գործերի նախարարության ներսում հայտնաբերելով աղանդավորական մի կառույց (Սոնա Ֆահրադյանի կառույցը), որում ընդգրկված էին նաև ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ: Երբ սկսեցինք նրանց անունները տալ, սկսվեց վհուկների որսը, որի արդյունքում տուժեց ոչ թե աղանդավորական կառույցը կամ նրա անդամը, այլ նրա ընտանիքը: Դրանից հետո մենք որոշեցինք անուններ չտալ: Երբ պետական մարմիններին անհրաժեշտ է լինում, տալիս ենք: Բացի այդ, կա Միացյալ երիտասարդական լիգա, որը հաճախակի անուններ տալիս է»,- ասաց Ա. Ամարյանը:
Նա վերջում տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ում գրանցված է 64 կրոնական կառույց, որոնցից 50-ը՝ աղանդավորական: Կա չգրանցված մոտ 200 կառույց: Պարոն Ամարյանը վստահեցնում է, որ այն կառույցները, որոնց շուրջ աղմուկ են բարձրացնում՝ իբրև նոր հայտնաբերված կառույցներ, Հայաստանում 10-15 տարուց ավելի է, ինչ գործում են:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Իսկ ՀԱԵ ֆինանսների մոնիտորինգ չ՞եք անում: Թե հետաքրքիր չէ:
Հարգարժան, իսկ դուք հավատում ե՞ք, որ Քրիստոսը Աստված է և Փրկիչ: Թե չե կարողա Քրիստոսին էլ աղանդավոր դարձնեք, քանի որ այդ “աղանդների” մեծ մասը Իրեն են դավանում: