Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես 50 տարեկան, ջահել մարդ եմ, հոգով, սրտով ոստիկան, ինչո՞ւ պիտի գնամ թոշակի». Գյումրու ոստիկանապետ

Փետրվար 06,2014 15:08

Երեկվանից մամուլում հակասական տեղեկություններ հայտնվեցին Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի աշխատանքից ազատվելու մասին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ,  նա դիմում էր ներկայացրել Վլադիմիր Գասպարյանին`խնդրելով իրեն ազատել թոշակի անցնելու պատճառաբանությամբ, սակայն Սարգիս Մարտիրոսյանը հերքել էր այդ լուրերը` նշելով, որ չի պատրաստվում թոշակի գնալ:

Այսօր տեղի ոստիկանությունից Aravot.am-ին մեկ անգամ ևս հավաստիացրեցին, որ ոստիկանապետ Մարտիրոսյանը իրոք դիմում է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանին:

Մենք այս լուրերի իսկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից, որտեղից, սակայն, խորհուրդ տվեցին դիմել ոստիկանապետին` Սարգիս Մարտիրոսյանին:

Aravot.am-ը Սարգիս Մարտիրոսյանից նախևառաջ հետաքրքրվեց, թե քանի՞ տարեկան է ինքը, արդյո՞ք թոշակային տարիքում է: Պաշտոնյան մեզ հետ զրույցում ասաց. «Իմ 50 տարին նոր է լրացել, ես ջահել մարդ եմ, ի՞նչ թոշակային տարիք, ես գնդապետ եմ, իսկ գնդապետը կարող է մինչև 60 տարեկան աշխատել: Նման բան չկա, ես դիմում չեմ ներկայացրել, հենց այս պահին իմ աշխատավայրում եմ, ամեն ինչ նորմալ է: Ես ծնունդով Շիրակի մարզից եմ, Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղից, մշեցու թոռ եմ` թասիբով, այնպես որ, Շիրակի մարզը ինձ շատ հոգեհարազատ է: Ես Գյումրիում ինձ օտար չեմ զգում, իմ ամբողջ հարազատությունը այստեղ է: Ես հոգով, սրտով ոստիկան եմ, 30 տարի աշխատել եմ համակարգում, գնդապետ եմ դարձել, թե իմ հարազատները, թե իմ տղան հպարտ են իմ գնդապետ լինելով, ես պարզճակատ եմ բոլորի առջև: Առանց այս աշխատանքի չեմ կարող ապրել, անգամ մտածում եմ` եթե դառնամ 60 տարեկան ու թոշակի գնամ, ինչպե՞ս եմ ապրելու առանց այս աշխատանքի: Գյումրին իմ հարազատ քաղաքն է, ես նորից եմ կրկնում, օտար մարդ չեմ, ինչո՞ւ թողնեմ գնամ»:

Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում ինչո՞ւ են նման լուրեր տարածվում, ովքե՞ր են տարածողները` շահագրգիռ մարդի՞կ, չարակամնե՞ր: «Ուզում են ինչ-որ բան խճճել, բայց եթե մարդ ազատ ժամանակ ունենա, այսքան ծանրաբեռնված չլինի, միգուցե և գտնի այդ լուրերը տարածողներին: Բայց ես ձեզ մի բան ասեմ, ես սովոր եմ, որ պիտի իմ մասին գրեն, երբ աշխատում էի Կենտրոնի ոստիկանությունում, անընդհատ մամուլն ինձ անդրադառնում էր, գիտեք՝ ինչ-որ տեղ բնական է, ես պաշտոնյա եմ, բա չանդրադառնա՞»,-անկեղծացավ ոստիկանապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728