Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը կասկածներ ունի, որ այս պահին էլ ենք «Գազպրոմին» պարտք կուտակում (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 15:02

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան ծրագիրը լսելուց հետո պատգամավորները ելույթներ ունեցան այդ հարցի վերաբերյալ:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ գոհ է Ռոբերտ Նազարյանի ելույթից՝ «Երեւում է, որ գործ եք արել, ապարատը աշխատել է եւ այլն, եւ այլն»,  բայց հետո այնպես քննադատեց ամբողջ համակարգը, որ պարզ չէր, թե ինչի՞ց էր գոհ:

Հրանտ Բագրատյանը կոչ արեց պատգամավորներին հետաքրքրվել, թե ինչպե՞ս են իննսունականներին իրենք լուծել էլէներգիայի հարցը, իսկ 1996-ին անգամ արտահանել էներգիա, կոչ արեց, որ Ռոբերտ Նազարյանը կարդա Արժույթի միջազգային հիմնադրում իր աշխատած տարիներին իր ղեկավարած խմբի գրած 250 էջանոց անգլերեն գիրքը՝ «Գազպրոմի» քաղաքականության մասին, որը հրապարակված է amf.org-ում, թե ինչպես է պետք սակագնային քաղաքականություն վարել, պայքարել մենաշնորհների դեմ եւ այլն:

Նաեւ ասաց, որ լուրջ կասկածներ ունի, որ այժմ էլ, այս պահին էլ մեր երկիրը պարտք է կուտակում «Գազպրոմին», եւ սահմանի վրա իրականում գազը ստանում է ոչ թե հայտարարված 189$-ով, այլ՝ 270$-ով, ու մի քանի տարուց մեզ հայտնի կդառնա հերթական պարտքի մասին:

Նա բերեց մի քանի թվային տվյալներ՝ այլ երկրների մասին, մասնավորապես Ուկրաինայի մասին ասաց, որ մինչեւ այս տարեսկիզբ Ուկրաինան ստանում էր 440 դոլարով, սակայն ամբողջ երկրի տարածքով հասցնում էր ընդամենը 20 դոլար ավելացնելով: Հրանտ Բագրատյանն անարդարացի է համարում, որ խոշոր սպառողներին գազը տրվում է ավելի մատչելի, քան բնակչությանը:

Անդրադառնալով սահմանին գազի գնին, նա ասաց, որ Ռուսաստանում Սարատով-Ռոստով մասում գազի գինը չորս անգամ ավելի էժան է, քան մենք ենք ստանում, այնինչ, երբ Պուտինը ասաց, որ Հայաստանը ստանում է ՌԴ ներքին գնով, մեր նախագահը չասաց, որ էդպես չի: «Ինչո՞ւ մեր նախագահը համարձակություն չունենա ասելու՝ էդպես չի, ո՞վ է ձեզ այդ ինֆորմացիան տվել»: Ու ակնարկեց, թե դա քծնանք էր Պուտինի հանդեպ:

Ինչ վերաբերում է «Գազպրոմի» աշխատակիցների համար միջին աշխատավարձը 227 հազար սահմանելուն, ինչի մասին երեկ ասաց Ռոբերտ Նազարյանը, ապա, ըստ Բագրատյանի, դա անարդարացի է, քանի որ մեր երկրում պետական միջին աշխատավարձը 140 հազար է, մասնավոր հատվածում՝ 181  հազար, եւ Գազպրոմ-Հայաստանի աշխատավարձերը ՀԾԿՀ-ն  պետք է ոչ թե մասնավորի, այլ պետականի միջին չափով հաստատեր:

Երբ իր ելույթն ավարտեց, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պարոն Բագրատյանի եւ մեր պետության համար նրա արած գործերի հանդեպ «ողջ հարգանքով հանդերձ»՝ խնդրեց մնալ կոռեկտության սահմաններում եւ «քծնել-մծնել» չասել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728