Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի խոստումն ընդամենը 5 օր է ուժի մեջ եղել (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 14:44

Բնակիչներին պատկանող շքամուտքը սեփականացրել են՝ քիչ չէ,
մի բան էլ վարձով են տալիս

Սայաթ-Նովա 25, 23 շենքերի շքամուտքը տրվում է վարձով: Թեեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը օրենքով շենքի բնակիչների սեփականությունն են համարվում եւ որեւէ մեկը չի կարող դա միայնակ տնօրինել, սակայն ամսական 2500 դոլարով վարձով տրվող այս մուտքը տնօրինում է շենքի հետ ոչ մի կապ չունեցող ոմն Սուրեն Աղաբեկյան: Մոտ տասը տարի է՝ այդ շենքերի բնակիչները պայքարում են իրենց շքամուտքը հետ ստանալու եւ նախկին տեսքին վերադարձնելու համար: Մուտքն այժմ վերածված է քարաշեն կառույցի, որի դուռը կողպած է, եւ բնակիչները ստիպված են սեփական բնակարանները հասնելու համար Նալբանդյան փողոցի մուտքից օգտվել կամ էլ շենքը շրջանցել: Այս ձմռանը բնակիչներից մեկը շրջանցելու պատճառով ընկել էր եւ ոտքն ու ձեռքը վնասել:
Բնակիչներից «առգրավված» մուտքը պարզվում է՝ շահավետ տարբերակ է գումար աշխատելու համար եւ տարիների ընթացքում ձեռքից ձեռք է անցել՝ որպես խանութի կամ գրասենյակի տարածք:

Ներկայումս այս շենքերում բնակվում են հիմնականում մեծահասակ մարդիկ, եւ տարիներ ի վեր Երեւանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության հետ սեփական մուտքը հետ ստանալու պայքարը ի վնաս բնակիչների է եղել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում շենքի բնակիչներ՝ Արամայիս Մկրտչյանը, Սերգեյ Կարապետյանը, Արամ Հովհաննիսյանն ասացին՝ իրենց համար անհասկանալի է, թե քաղաքային իշխանություններն ինչպես են բնակիչներին պատկանող մուտքը սեփականացնելու որոշում ընդունել: Այս բնակիչների բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ պաշտոնյաներն իրարամերժ պատասխաններ են տվել. մի դեպքում՝ արդարացրել են բնակիչների բողոքը եւ հրահանգել կասեցնել, եւ մեկ այլ որոշմամբ՝ թույլատրել տարածքը սեփականացնել: Քաղաքային իշխանությունների որոշումը 2003 թվականին ամրագրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, որն առաջնորդվել է ապագա սեփականատիրոջ այն հավաստիացումներով, թե շենքի բնակիչները շքամուտքը սեփականացնելու հետ կապված առարկություններ չունեն: Մինչդեռ ինչպես մեր զրուցակիցները վստահեցրին, իրենք որեւէ մեկին համաձայնություն չեն տվել մուտքը փակելու, առավել եւս՝ այլ նպատակներով այն օգտագործելու: Բնակիչների բողոքարկումից հետո առաջին ատյանի դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանը բեկանել է եւ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Այս ատյանը նույնպես վճիռ է կայացրել հօգուտ բնակիչների՝ Արմեն Օհանջանյանին պարտավորեցնելով տարածքը հետ տալ բնակիչներին: Բայց Ա. Օհանջանյանը ոչ միայն չի վերադարձրել, այլեւ վիճելի տարածքը 35 հազար դոլարով վաճառել է Սուրեն Աղաբեկյանին: Բնակիչների պատմելով՝ կառույցի առաջին սեփականատերը՝ Արմեն Օհանջանյանը, տարիներ առաջ 23 շենքի շքամուտքում մի փոքրիկ տարածք է գնել, որը նախկինում ծառայել է շենքը սպասարկող մի կնոջ համար որպես կացարան: Այնուհետեւ աստիճանաբար Արմեն Օհանջանյանը ընդլայնել է իր սեփականության սահմանները. քանդել է աստիճանավանդակները՝ թույլ չտալով շքամուտքից օգտվող բնակիչները բարձրանան-իջնեն՝ պատճառաբանելով, որ բնակիչները կարող են կողքի շքամուտքից էլ օգտվել: Բնակիչների պատմելով՝ աստիճանավանդակը քանդելուց հետո երկաթ-բետոնե պատնեշով փակել է եւ բակի հատվածից ավելացրել կցակառույց՝ այդպիսով տարածքը պատրաստելով այս կամ այն նպատակով օգտագործելու համար: Կառույցն այժմ երեք հարկանի է: Բացի այն, որ բնակիչները զրկվել են մուտքից, բակի տեսքն աղավաղվել է, խախտվել են նաեւ քաղաքաշինական եւ անվտանգության նորմերը: Եթե, Աստված չանի, մի դեպք պատահի, հրշեջ մեքենաները չեն կարող մոտենալ շենքին՝ այդ կողմից:

Այս ամենը հաշվի առնելով՝ երկու տարի առաջ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինության պետական տեսչությունը գրությամբ Երեւանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ինքնակամ կառույցը քանդել եւ հետեւանքները վերացնել: Անցյալ տարի բնակիչների դիմումին ի պատասխան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գ. Բաղդասարյանը գրավոր հայտնել է, որ «անմիջապես կկանխվի նշված հասցեում ինքնակամ կառույցի գործունեությունը», եթե բնակիչները ահազանգեն այդ հարցով վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: Բնակիչները բազմիցս ահազանգել են: Սակայն նրանց որեւէ մեկը չի արձագանքում: Չնայած երկու պետական մարմնի այս որոշումներին՝ մինչ օրս կառույցը տեղում է, եւ ոչ ոք ինքնաշեն կառույցի «խաթրին չի դիպչում»: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ անձամբ ապագա քաղաքապետ Տարոն Մարգարյանն է տարածքում եղել ու բնակիչներին խոստացել ընտրվելու դեպքում հարցը կարգավորել, եւ որպեսզի բնակիչները հավատան, որ հարցը կլուծվի, սեփականատիրոջը ստիպել են ընդամենը 5 օրով կառույցի մուտքի դուռը, որը նաեւ շքամուտքի դուռն է, բացել: Ընտրություններից հետո դուռը մեկընդմիշտ փակվել է:

Նշյալ հասցեում նկատեցինք, որ մուտքի պատին հայտարարություն է փակցված՝ «տրամադրվում է վարձով տարածք»:

karuic-1

Ներկայանալով որպես տարածքը վարձակալել ցանկացող՝ զանգահարեցինք նշված հեռախոսահամարով: Անձը, որը ներկայացավ որպես տարածքի սեփականատիրոջ ընկեր, ասաց, որ 44 քառակուսի մետր տարածքով կառույցը կտրամադրեն ամսական 2500 դոլար վարձավճարով, որտեղ կարող ենք խանութ բացել: Սեփականատիրոջ ընկերը վստահեցրեց, որ տարածքը սեփական է, եւ որ մենք ոչ մի խնդիր չենք ունենա այն շահագործելիս: Խոստացան նաեւ գումարից դուրս գալ, եթե մենք վերանորոգենք տարածքը մեր ուզած ձեւով: Ուշագրավ է, որ քանդման ենթակա տարածքը վարձակալությամբ հանձնելու դեպքում սեփականատերերը պատրաստվում էին նույնիսկ նոտարական ձեւակերպում տալ: Հավանաբար վստահ են, որ ոչ ոք էլ չի համարձակվի այն քանդել, եւ որ ինքնակամ կառույցն ապամոնտաժելու որոշումները միայն թղթի վրա են մնալու:
Իսկ թե ինչու ապօրինի կառույցը չի քանդվում՝ Երեւանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուների պարզաբանումները՝ առաջիկայում:

Մ. Ա.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728