Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ստեղծելու ծրագրերը երեսուն տարով «թաղվել են»

Փետրվար 06,2014 14:30

Ազգային ժողովն այսօր շարունակում էր լսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց պատգամավորների տված եւս մի քանի հարցերի: Մասնավորապես, Որոտան ՀԷԿՀ-ի ներկա գործունեության մասին հարցին ի պատասխան, նա ասաց, որ այս պահին Որոտանը շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը, իսկ երբ գույքի վաճառքի մասին պայմանագրի համաձայն Որոտանի գույքը կդառնա այլ ընկերության սեփականություն, կդիմեն իրենց հանձնաժողովին, նոր լիցենզիա կստանան եւ կշարունակեն արտադրել էլէներգիա:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում առաջարկեց հանձնաժողովին՝ ցածրացնել գազի սակագները: Եվ այդ պարագայում գազի սպառումը կմեծանա: Այնինչ, ըստ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի եւ Հովհաննես Մարգարյանի, գազի սպառման ծավալը գնալով նվազում է, քանի որ մարդիկ հաշվարկել են, որ էլեկտրականությունն ավելի էժան է նստում, քան գազը: Խ. Հարությունյանը կարծում է, որ ներկայումս սպառվող մոտ 1 մլն խորանարդ մետր գազը լրիվ չի բավարարում պահանջարկը, սակագների նվազման դեպքում սպառման ծավալները կարող են կրկնապատկվել: Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հետ դեկտեմբերին կնքած պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է չնվազեցնել գազի սպառումը:
Իր ելույթում հարակից զեկուցողը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ասաց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀԾԿՀ-ի 2014թ. ծրագրին:

Միքայել Մելքումյանին պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց՝ արդյո՞ք «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրով, համաձայն որի՝ մեր երկիրը պարտավորվել է ապահովել գազի սպառման չնվազող ծավալ, մեր երկրում մինչ այժմ եղած արեւային էներգիայի, քամու էներգիայի կայաններ կառուցելու ծրագրերը առնվազն երեսուն տարով «թաղվում են»: Միքայել Մելքումյանը ի պատասխան նկատեց, որ իսկապես «Գազպրոմի» հետ պայմանագրի 7-րդ կետը ըստ էության քաղաքական պահանջ է պարունակում՝ պահպանել այն ստատուս քվոն, որ կա այս պահին՝ գազի սպառման ծավալների, հարկերի ոչ մի փոփոխություն երեսուն տարվա ընթացքում: Ըստ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահի՝ հարցն իրոք մտահոգիչ է, եւ կառավարությունը պետք է այդ հարցի պատասխանը տա:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728