Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը մնացել է անփոփոխ

Փետրվար 06,2014 14:12

Համաձայն մեղադրական եզրակացության` վանաձորցին շուրջ մեկ տարի իր հետ մարմնավաճառության էր տարել այլ անձի

ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, մերժել է մեղադրող դատախազ Վահագն Ստեփանյանի բողոքն ու անփոփոխ թողել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը` այդկերպ ճանաչելով եւ հռչակելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Աստղիկ Վ.-ի անմեղությունը՝ նրան վերագրվող արարքում:

Աստղիկ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Շ. Հ.-ին իր հետ տարել է մարմնավաճառության` այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Աստղիկ Վ.-ի փաստաբան Ռուբեն Հակոբյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ վերոնշյալ մեղադրական եզրակացության մեջ, որպես այդպիսին, մեղքը հիմնավորող ապացույցներ չեն եղել, շարադրված է եղել մեկ վկայի ցուցմունք, ինչն էլ նախաքննական մարմինը հիմք է ընդունել:

«Մեղադրյալ Աստղիկ Վ.-ին մեղսագրվող արարքը հիմնավորվել էր քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոհիշյալ ապացույցով: Որեւէ այլ ապացույց չկա: Դատաքննության ընթացքում այդ վկան եկավ եւ իր նախաքննական ցուցմունքը չպնդեց»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նա նկատում է, որ եթե առաջին ատյանի դատարանը կայացներ այլ վճիռ, դա կարող էր վտանգավոր նախադեպ դառնալ. «Ստացվում է, որ մեկ ցուցմունքի հիման վրա քրեական գործը մտել էր դատարան, եթե մեղադրական եզրակացության հիման վրա դատարանը կայացներ մեղադրող դատական ակտ, ապա մարդը կարող էր դատվել: Դա վտանգավոր նախադեպ կարող էր դառնալ»: Փաստաբանը հավելում է, որ իր պաշտպանյալին վերագրվող հոդվածի հետ էլ համաձայն չէ, ըստ նրա՝ այդ գործողությունը չէր կարող որակվել որպես մարմնավաճառությանը նպաստել: «Մարդը իր կյանքը այդպես է տնօրինում, զբաղվում է մարմնավաճառությամբ, ենթարկեք վարչական պատասխանատվության, բայց ոչ քրեական»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը՝ փաստաբանը նկատում է, որ փաստը ոչ միայն ողջունելի, այլեւ հուսադրող է: «Ուրախ եմ, որ արդարացումը մնաց ուժի մեջ, այսինքն` արդարադատությունը իրականում գործեց, եւ տեղի չտվեց մեղադրողի օրինական ճնշումներին: Դատարանն իր դատական ակտով ապացուցեց, որ մեղադրանքի կողմը ակնհայտ սխալ է գործել, եւ, որպեսզի հեղինակությունը, բարի համբավը վերականգնի, փորձել է գոնե վերաքննիչ բողոքով հակառակը ապացուցել, ինչը, սակայն, չապացուցվեց»,- եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728