Նիկոլայ Մադոյանը պատրաստվում է այն իրականացնել հայրենիքում
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում տեղ են գտել նաեւ երաժիշտ կատարողների անուններ, օրինակ՝ բրիտանացի ջութակահար Դավիդ Գարրետտը 2010թ. Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» հայտնի ստեղծագործությունը 66,5 վայրկյանում կատարելու համար (1 վայրկյանում նվագելով 13 նոտա) դարձել է Գինեսի ռեկորդակիր: Որոշ ժամանակ անց նա գերազանցել է իր իսկ ռեկորդը՝ հիշյալ ստեղծագործությունը կատարելով 65 վայրկյանում:
Գինեսի գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել գերմանաբնակ ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը: Նա պատրաստվում է առանց նոտաներից օգտվելու կատարել Պագանինիի ջութակի բոլոր 6 կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում: Այս եզակի երաժշտական իրադարձությունը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ փետրվարի 20-ին: Անվանի ջութակահարը հանդես կգա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան): Փաստորեն, օրեր անց Երեւանը իր վրա կսեւեռի երաժշտական աշխարհի ուշադրությունը:
Տեղեկացնենք, որ ժամանակին՝ 2000թ. Բեթհովենի դաշնամուրի եւ ջութակի համար գրված 10 սոնատները Նիկոլայ Մադոյանը ներկայացրեց 3 օր անընդմեջ՝ 3 ժամ 40 րոպե տեւողությամբ մենահամերգներով, ընդ որում՝ անգիր: Բախի «Սոնատներ եւ պարտիտներ» մենանվագ ջութակի համար շարքը նա դարձյալ ներկայացրեց մեկ երեկոյի ընթացքում, ինչը մինչ օրս չի տրվել որեւէ այլ երաժշտի: Ի դեպ, ջութակահարի գործընկերն էր անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Կամ՝ ժամանակին Պագանինիի 24 կապրիսները երաժիշտը դարձյալ ներկայացրեց Երեւանում. դա էլ մինչ օրս հիշվում է հանդիսատեսի կողմից: Այս շարքը կարելի է շարունակել: Այս ամենին զուգահեռ՝ ջութակահարը հանդես է գալիս բարեգործական համերգներով: Այս պահին մտաբերում ենք 2000-ականների սկզբին դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի ընկերակցությամբ նրա համերգը սակավարյունությամբ տառապող երեխաների փրկության համար:
Ինչպես հղացավ հենց հայրենիքում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու գաղափարը, «Առավոտի» հետ զրույցում Նիկոլայ Մադոյանը ներկայացրեց. «Նախ ինձ համար պարզեցի, որ Պագանինիի բոլոր կոնցերտները կարող եմ ներկայացնել մեկ երեկոյի ընթացքում: Որոշեցի սեփական ստեղծագործական բերկրանքս կիսել հայ հանդիսատեսի հետ: Այդ համարձակ քայլիս մասնակից են, անշուշտ, օպերային թատրոնի նվագախումբը, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, թատրոնի ղեկավարությունը, եւ ի վերջո՝ շուրջ 5 ժամ համերգին (մեկ ընդմիջումով) ներկա հանդիսատեսը»:
Հետաքրքրությանը, թե կազմակերպչական հարցերով ո՞վ է զբաղվում, ջութակահարը նշեց, որ Գինեսի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ իր կողքին գտնվող պրոֆեսիոնալ թիմը (վերջինս ղեկավարում է քաղաքական վերլուծաբան Սուսաննա Զորանյանը): Իսկ թե ինչպես է կատարվելու «Գինեսին» ներկայացնելու գործընթացը, Նիկոլայ Մադոյանն ասաց, որ գրասենյակի պահանջներին «ենթարկվելու» երկու հնարավոր տարբերակ կա, որոնցից մեկը պարզ կդառնա հենց համերգի նախօրեին: Հետո էլ ներկայացրեց տարբերակները, մանրամասնելով. «Առաջին տարբերակ՝ Գինեսի գրասենյակը գործուղում է իր ներկայացուցիչներին, որոնք տեղում արձանագրում են կատարվածը, երկրորդ՝ նույն առաքելությունը գրասենյակը, այս դեպքում՝ հանձնարարում է հայաստանյան ներկայացուցչին, ով իր հերթին պարտավոր է ձեւավորել հանձնաժողով՝ հայաստանցի երեք անկախ փորձագետներից»:
Խոսելով զուտ ստեղծագործական գործունեությունից՝ մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ է տանում նաեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների (Միրզոյան, Հարությունյան, Հայրապետյան, Չաուշյան, Սաթյան, Շաքարյան եւ այլն) ստեղծագործությունների շարք ստեղծելու նպատակով, որը հայ եւ արտերկրյա ունկնդրին կկապի հայկական մեղեդիների աշխարհին, անթարթ պահելով դարերից եկող եւ Կոմիտասի ձեռամբ հղկված մեր մշակութային հզոր ժառանգության համաշխարհային արձագանքը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ